Ղազախստանի պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման 2022-ի հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ռազմական իրավիճակում իշխանությունը գերազանցելու մեջ։ Նախաքննության վարկածով՝ արտակարգ դրության պայմաններում Բեկտանովը անօրինական հրամաններ է արձակել՝ անպաշտպան թողնելով ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտները։
Պաշտպանության նախկին նախարարին երկարաժամկետ ազատազրկման դատապարտելու դատավճռի մասին հայտնի է դարձել մարտի 9-ին, չնայած զինվորական դատարանը վճիռը կայացրել էր փետրվարի 24-ին, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ի ղազախական ծառայությունը։
Դատարանի վճռի մանրամասները չեն հրապարակվում։
2022-ի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել։