Ալ-Ազհարի Գերագույն Իմամի հետ հանդիպմանը Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ այսօրվա հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն և առկա մարտահրավերները։ Միրզոյանը խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման վտանգ պարունակող վերջին օրերի հայտարարությունները և գործողությունների մասին:

Նախարարն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը, հայտնում են նախարարությունից։ Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երեք ամիս արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հանգուցալուծման հրամայականին:

«Գերագույն Իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը՝ վկայակոչելով 2020թ. հոկտեմբերից ի վեր իր կողմից արված հայտարարությունները: Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց Ցեղասպանության օրերին Գերագույն Իմամ, շեյխ Սելիմի ուղերձը՝ փրկել հայերին ու չմասնակցել կոտորածներին», - ասված է հաղորդագրության մեջ։

Մինչև մարտի 9-ը Միրզոյանը կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։