Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին ասել է ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։
Փետրվարի 22-ին Հաագայի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է հարկադիր կատարման, սակայն դատարանի որոշումից գրեթե երկու շաբաթ անց էլ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Այսօրվա հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
«Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները», - նաև փոխանցում են Արտգործնախարարությունից:
Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ Արցախի մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդում է, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքում է։ Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնել են զոհերի ու վիրավորների մասին։
Լուիս Բոնոն Երևան է ժամանել այսօր՝ Բաքվում ունեցած հանդիպումներից հետո՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պատասխանել է Փաշինյանին