Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց. փոխնախարարը՝ օտարերկրյա դիվանագետներին

Ադրբեջանական կողմի իրականացրած երեկվա «դիվերսիոն հարձակումը, որը եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում է, եղել է նախապես ծրագրավորված», Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Նա շեշտել է՝ այդ գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ:

Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, ընդգծել է ԱԳ փոխնախարարը, պնդելով, որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:

Երեկվա միջադեպի հետևանքով զոհվել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է: Բաքուն հայտնել է երկու զոհի, մեկ վիրավորի մասին։

Վահե Գևորգյանը օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։

«Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց»,- նշել է նա։

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ապօրինի գործողությունների դադարեցումը և Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը: