Ռաֆայել Գրոսսին ակնկալիքներ ունի իրանական կողմի հետ բանակցություններից

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը, Թեհրան, 4 մարտի, 2023թ.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր Թեհրանում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի, այդ թվում՝ դրա գիտական բաղադրիչի շուրջ քննարկումները շարունակվում են, և ինքը մեծ ակնկալիքներ ունի այդ գործընթացից:

Գրոսսին երեկ է ժամանել Թեհրան: Ըստ դիվանագիտական աղբյուրների, նա պետք է փորձի իրանական կողմին համոզել համագործակցել ԱԷՄԳ-ի փորձագետների հետ և պարզաբանումներ տրամադրել միջուկային զենքի համար պիտանի մաքրության ուրանի հետքերի հայտնաբերման կապակցությամբ:

«Կա երկու կարևոր հանգամանք, առաջինը մեծ ակնկալիքն է, որն աշխարհն ունի մեր համատեղ աշխատանքից, կապված Իրանի միջոկային ծրագրի վերաբերյալ վստահելի հավաստիացումներ ստանալու հետ: Երկրորդը կապված է Իրանի հետ գիտական-տեխնիկական համագործակցությունը շարունակելու հետ»,- ասել է Գրոսսին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամիի հետ հանդիպման ընթացքում:

ԱԷՄԳ-ի ղեկավարի փոխանցմամբ, Թեհրանում բանակցություններն անցնում են «ազնիվ աշխատանքային համագործակցության մթնոլորտում»:

Գրոսսիի այցին նախորդող օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանում Ֆորդոյի միջուկային կենտրոնում մասնագետներն ուրանի հարստացումը հասցրել են 83.7 տոկոսի:

Միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ է 90 տոկոսի մաքրության ուրան-235 իզոտոպ: Թեհրանը պնդում է, որ իրանական կենտրոններում հարստացումը 60 տոկոսից բարձր չէ:

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին Թեհրանում ընդունել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբլոլահիանը: