«Օտարերկրյա գործակալների» փաթեթը՝ Վրաստանում նոր առճակատման պատճառ

Քաշքշուկ Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովում, Թբիլիսի, 2 մարտի, 2023թ.

Բախումներ փողոցում և խորհրդարանական հանձնաժողովում

Երեկ երեկոյան Թբիլիսիում լուրջ հակամարտության մեջ են ներքաշվել խորհրդարանում քննարկվող «Օտարերկրյա գործակալների» փաթեթի աջակիցներն ու ընդդիմախոսները:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մեծ թվով ակտիվիստներ, վանկարկելով «Ո՛չ ռուսական օրենքին» և «Ո՛չ դիկտատուրային» կարգախոսները, պահանջել են հրաժարվել այդ փաթեթից:

Շենքի ներսում այն պետք է քննարկվեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում:

Սրահում լարված մթնոլորտում փոխադարձ վիրավորանքները հանգեցրել են ձեռնամարտի: Անվտանգության աշխատակիցներն ուժի են դիմել և դուրս են հանել տաքացած օրենսդիրներին:

Օրինագիծը հաջորդ շաբաթ կքննարկվի լիագումար նիստում

Ի վերջո քննարկումը դռնփակ ռեժիմով շարունակվել է: Իշխող ուժի պատգամավորները նիստից հետո հայտնել են, որ փաթեթը կփոխանցվի իրավական հարցերով գլխադասային հանձնաժողով:

Դա նախատեսվում է հաջորդ շաբաթվա ընթացքում, ապա փաթեթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում, որը նույնպես տեղի կունենա հաջորդ շաբաթ:

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը պայմանական անուն է, դրանում երկու օրինագծեր են՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրացի գործակալների գրանցման մասին»:

Երկու օրինագիծն էլ հեղինակել է «Ժողովրդի ուժ» շարժումը, որը համարվում է խորհրդարանում մեծամասնություն ապահոված «Վրացական երազանքի» զինակիցն ու գործընկերը:

Ըստ հեղինակների, օրինագիծն «ամերիկյան» է, ըստ ընդդիմության՝ «ռուսական»

Օրինագծերի հեղինակները պնդում են, որ հարկ է ապահովել օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը և Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում ստեղծել օտարերկրացի գործակալների ցանկ:

Դրանում կգրանցվեն շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտասահմանից է ստացվում:

Եթե կառույցը չգրանցվի ու ապացուցվի, որ այն ավելի քան 20 տոկոսով ֆինանսավորվում է դրսից, կնշանակվի վարչական տուգանք: Ընդ որում, դրա վճարումը թույլ չի տա խուսափել գրանցումից:

«Ժողովրդի ուժ» շարժումը պնդում է, թե օրինագծերը գրեթե ամբողջությամբ թարգմանված են ամերիկյան օրենքներից, մինչդեռ, ընդդիմությունը հայտարարում է, որ փաթեթի ընդունումը կնշանակի քայլ դեպի Վրաստանում ավտորիտար իշխանության հաստատում:

Ընդդիմադիրների համոզմամբ, փաթեթը չի տարբերվում Ռուսաստանում 2012-ին ընդունված օրենքից, որի միջոցով Կրեմլը սկսել է աննախադեպ հալածանքների ենթարկել ընդդիմադիր գործիչներին և խեղդել անկախությունը գոնե որոշ չափով պահպանած սակավաթիվ լրատվամիջոցները:

Ընդդիմությունը բողոքի նոր ակցիաներ է ծրագրում

Նախկին օրենսդիր, «Լելո» շարժման լիդերներից Մամուկա Խազարաձեն այսօր ասել է, որ դա բացահայտ ռուսական նախագիծ է, որը ոչ մի կապ չունի ամերիկյանի հետ: Նրա խոսքով, կստեղծվի հզոր հանրային շարժում, որն ամեն ինչ կանի «Օտարերկրյա գործակալների» փաթեթը տապալելու համար:

«Մենք ամեն բան կանենք եվրոպական ընտրությունից չշեղվելու համար, շարժումն այդ նպատակով կաշխատի հասարակական և քաղաքական բոլոր խմբերի հետ»,- ասել է «Լելոյի» ակտիվիստը:

Փետրվարին մոտ 60 վրացական ՀԿ-ներ և լրատվամիջոցներ հայտարարել են, որ չեն ենթարկվի օրենքին, եթե այն մտնի ուժի մեջ:

Ակցիա ընդդեմ օրինագծի խորհրդարանի դիմաց

Արևմուտքը նույնպես մտահոգված է

Ոչ միայն վրացական, այլև մեծ թվով օտարերկրյա կառույցներ են մտահոգություն հայտնել այդ փաթեթի վերաբերյալ: Երեկ արձագանք է եկել նաև Միացյալ Նահանգներից:

«Մենք գիտենք այս օրինագծի մասին, մենք դրա վերաբերյալ մեր տեսակետը հայտնել ենք թե՛ հրապարակավ և թե՛ մասնավոր կարգով: Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանն էլ է ներգրավված այդ հարցում»,- ասել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Նրա փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը պետք է լսի ժողովրդի ձայնը, «իմանա մարդկանց մտահոգությունների մասին»:

«Ժողովրդի ուժը» հակաարևմտյան քարոզ է վարում

Վրաստանում հակաարևմտյան տրամադրությունների աճ է:

Վրաստանում հետզհետե ավելի են ամրապնդվում «Ժողովրդի ուժ» շարժման դիրքերը, դրան մերթ ընդ մերթ միանում են «Վրացական երազանքի» պատգամավորները, բայց մնում են մեծամասնության մեջ:

Ընդդիմությունն ասում է, թե այդ երկու ուժերն, իբր, ենթարկվում են ստվերում գտնվող երկրի իրական ղեկավար, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին ու հակաարևմտյան օրակարգ են առաջ տանում:

Հատկապես ակտիվ է այդ հարցում «Ժողովրդի ուժը», որն, ըստ ընդդիմության, հանրությանը փորձում է համոզել, թե Արևմուտքի նպատակն է Վրաստանը ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ և թե խորհրդարանական մեծամասնությունն ամեն բան անում է այդ դավադրությունը կանխելու համար:

Նախագահի ենթադրյալ վետոն կարող է արդյունք չտալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե արգելանք կդնի «Օտարերկրացի գործակալների» փաթեթի վրա: Սակայն հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանը քվեների մեծամասնությամբ կարող է շրջանցել նախագահի վետոն: