Այսօր շատ ենք հեռացել խորքային մտածելու մշակույթից, շատ ստատուսային, ֆեյսբուքային ենք մտածում. Համլետ Առաքելյան

Համլետ Առաքելյան

Վերջին 10 տարիներին գրական դաշտ շատ երիտասարդներ մտան, որոնցից շատերը այդպես էլ ճանաչելի չդարձան նույնիսկ գրական հանրության համար։ Այդուհանդերձ ոմանք զգալի հաջողություններ են արձանագրում իրենց գրական չափազանց յուրօրինակ ստեղծագործություններով։

27-ամյա Համլետ Առաքելյանը իր անունն ազդարարեց առաջին գրքով՝ Tantric խորագրով ագլերեն գրված իր բանաստեղծությունների ժողովածուով, որը լույս տեսավ 2018 թվականին։ Հետո առանձին հրատարակվեցին նրա պատմվածքները, իսկ բոլորվին վերջերս էլ ընթերցողի սեղանին դրվեց «Անտարես» հրատարակչության կողմից տպագրված մեծածավալ, ֆանտաստիկ ժանրով գրված վեպը՝ «Անմահների ակադեմիան», որը դարձավ բեսթսելլեր։

«Ֆենթըզի գրականություն, այսինքն՝ ամբողջությամբ ժանրի կանոններին համապատասխան ու ավելի շատ երևի 16+, այսինքն՝ դեռահասներից մինչև մեծեր։ Էդ գիրքը որ գրում էի, նպատակ ունեի ստեղծելու հայկական Հարրի Փոթերը։ Չգիտեմ որքանով հաջողվեց, բայց արձագանքը բավականին ֆանտաստիկ էր, ժանրի կանոններին բնորոշ։ Չէի սպասում, որ պիտի բեսթսելլեր դառնա գիրքը, որովհետև մինչև այդ ինչ գրքեր, պատմվածքներ գրել եմ, վաճառվել են, բայց շատ քիչ... մի քանի տասնյակ օրինակ, ոչ ավելի։ Դրա համար չէի պատկերացնում, որ կարող է ինչ-որ մի օր գիրք ունենամ, որը հարյուրներով կվաճառվի, երևանյան բեսթսելլեր կդառնա։ Որ, օրինակ, Կանադայից կպատվիրեն, կգնա-կհասնի, կամ Օսլոյից կպատվիրեն, կգնա-կհասնի... հետաքրքիր փորձառություն էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց երիտասարդ գրողը։

«Ազատություն». - Ի՞նչը ստիպեց ձեռք մեկնել հենց այդ ժանրին։

Առաքելյան. - Գիրքը սկսել եմ գրել 17 տարեկանում։ Այդ ժամանակ երևի ինչ-որ հուզական փորձառությունների շնորհիվ կամ պատճառով սկսեց ծնվել էդ գիրքը։ Հետո ուղղակի այն խնդիրը, որ ես ուզում էի լուծել, մեր աշխարհի կանոններով անհնար կլիներ։ Ու որոշեցի, որ պիտի ֆենթըզիի օգնությանը դիմեմ։ Իրականում դա իմ ամենասիրած ժանրերից է, ես շատ եմ կարդացել և մինչև օրս կարդում ֆենթըզի։ Միշտ էդ ժանրի նկատմամբ յուրահատուկ սեր եմ ունեցել, որովհետև սովորեցնում է երևակայել, թույլ է տալիս սահմաններից դուրս գալ։ Ֆենթըզիում ամենակարևորը ոչ թե այս աշխարհից դուրս գալն է, այլ երևակայական աշխարհը օգտագործելը այս աշխարհն ավելի լավը դարձնելու համար, էնտեղից դասեր քաղելու համար, որ այս աշխարհը ավելի լավը դառնա։ Էդ նույն սկզբունքով ստեղծվել են իմ կերպարները։

«Ազատություն». - Ի՞նչ նպատակ ունեիք այդ գիրքը գրելիս։

Առաքելյան. - Գրքում հայկականության շեշտված պահպանման խնդիր կա։ Գրքում կան հերոսներ, որոնք կարծես անմահության հետևորդներն են, ինչպես վեպի վերնագիրն է հուշում, ու կան հերոսներ, որոնք ներշնչված են մեր դիցաբանական, միֆական կերպարներով։ Ժանրի կանոնների համապատասխան, ես էդ կերպարներին իրենց լեգենդներից և առասպելներից վերցրել եմ և բերել եմ ժամանակակից իրականություն, ժամանակակից Երևան, ժամանակակից Հայաստան։ Իրենք գալիս են հերոսներին օգնելու՝ այս ժամանակի մարտահրավերները լուծելու։ Որոնք ոչ միայն անձի մարտահրավեր են, այսինքն՝ հերոսների, այլև համազգային։

«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ ես ընտրել «Անմահների ակադեմիան»։

Առաքելյան. - Իմ կյանքում կրթությունը շատ կարևոր դեր է միշտ զբաղեցրել։ Եվ համալսարանական սիստեմը ու ակադեմիականությունը որպես էդպիսին, ու «Անմահների ակադեմիան» ինչո՞ւ, որովհետև անմահությունը, որը ամենասուրբ գավաթն ա, որին կարծես բոլորը ձգտում են, և' հիմնական հերոսները, և' ընդհանրապես բոլորը վեպում, պիտի դասավանդվեր։ Դրա համար ակադեմիա։

«Ազատություն». - Այդ ժանրում գիրքը առաջի՞նն է։

Առաքելյան. - Ժամանակակից գրականության մեջ որպես վեպ, կարծում եմ, այո։ Մենք գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ ունենք, ունենք նաև ֆենթըզի պատմվածքներ շատ, որոնք հրատարակվել են, բայց հրաշավեպեր եթե կան, գուցե ես ուղղակի չգիտեմ։ Այսինքն՝ նորանկախ հանրապետության գրականության մեջ գուցե առաջինն է որպես հրաշավեպ։

«Ազատություն». - Շարունակելո՞ւ եք այդ ուղղությունը։

Առաքելյան. - Ես պոեզիա եմ հիմնականում գրում։ Չափածո եմ գորւմ ավելի շատ, քան արձակ։ Արձակը շատ լուրջ նվիրում և դիսցիպլինա է պահանջում։ Էդ մեր օրերում դժվար է գտնել։ Եթե գտնեմ այդ ժամանակը, այո, ինչու ոչ։

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, այսօր գրականություն ի՞նչ դեր ունի մեր հանրության կյանքում։

Առաքելյան. - Գրականությունը միշտ կարող է դեր ունենալ, բայց մենք ենք դեր տալիս գրականությանը։ Մենք էսօր շատ ենք հեռացել խորքային մտածելու մշակույթից, շատ հատվածային ենք հիմա մտածում, ստատուսային, ֆեյսբուքային ենք մտածում շատ, իսկ էդ տեքստերը պահանջում են ավելի խորը ընկալում։

«Ազատություն». - Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը երեսուն տարի անց։

Առաքելյան. - Հզոր։ Մի ֆենթըզի օրենք կա, կոչվում է Հայկի օրենք Անմահների ակադեմիայում։ Դա այն օրենքն է, որ Նահապետը այս մոլորակը լքելուց առաջ դրել է, ըստ գրքի, Հայաստանի Հանրապետության վրա, որ այն միշտ պաշտպանված լինի։ Եվ ես խորապես հավատում եմ, որ այդ օրենքը ֆենթըզի դաշտում չէ, այն կարելի է ինչ-որ առումով մի օր դարձնել իրականություն մեր երկրում։ Ես դրան հավատում եմ։