Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով, այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընդունելով Արցախի պահեստազորի սպաների միության անդամներին։
Ըստ Արցախի նախագահականի՝ Հարությունյանը շեշտել է, որ իշխանությունները հավատարիմ են Արցախի հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։
Անդրադառնալով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ նաև մարտի 1-ին, քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։
Մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի աշխատանքային խմբերի հանդիպումից հետո ադրբեջանական խմբի ղեկավար, Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, տեղի լրատվամիջոցների հետ զրույցում, ասել էր, թե հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։ Ստեփանակերտը հերքել էր՝ շեշտելով՝ «հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վերաինտեգրվելու հարցեր չեն քննարկվել»․ Արցախի ԱԽ-ն մանրամասներ է ներկայացրել հանդիպումից