Պաշտոնական Մոսկվայի կարծիքով՝ «հացահատիկի գործարքը» չի գործում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը ի պատասխան Մեծ քսանյակի երկրների և ԱՄՆ-ի կոչի՝ երկարաձգել Ուկրաինայի հարավային նավահանգիստներից հացահատիկի արտահանման միջանցքի մասին համաձայնագիրը
«Մենք ստիպված ենք հայտարարել, որ Անտոնիո Գուտերեշի առաջարկած և 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված համաձայնագրերի «փաթեթը» չի գործում։ Հիմնական խնդիրը արևմտյան երկրների կողմից Ռուսաստան-ՄԱԿ հուշագրի կատարման սաբոտաժն է», - ասել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում ստորագրվել է ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ համաձայնագիրըՆախարարությունը համարում է, որ 2022-ի հուլիսի 22-ի համաձայնագրերը ենթադրում են ոչ միայն ուկրաինական հացահատիկի, այլև ռուսական գյուղմթերքի արտահանում «միասնական» փաթեթի շրջանակում»։ Խոսքն առաջին հերթին ռուսական ազոտական պարարտանյութերի մասին է, որոնք, ըստ գերատեսչության, չեն արտահանվում։
«Մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանման նորմալացման վերաբերյալ Ռուսաստան-ՄԱԿ հուշագրի իրագործման առաջընթացը զրոյի է հասնում: Պատճառը Գուտերեշի «փաթեթի» երկրորդ մասը չճանաչելն է և նրանց շարունակական պատժամիջոցները», - ավելացրել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Հացահատիկի գործարքի» հաջորդ ժամկետը կավարտվի մարտի 18-ին։