Ադրբեջանի զինուժը կրակ է բացում գարնանացանն սկսած արցախցիների ուղղությամբ։ Երեկ ու նախորդ օրը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի մի քանի հողատարածքներում աշխատող տրակտորիստների ուղղությամբ են հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել, փոխանցում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող քաղաքացիների ուղղությամբ. ոստիկանություն«Դաշտում արդեն աշխատելը դադարեցրել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մյուրիշեն համայնքի բնակիչ Աբրիկ Ավանեսյանը:
Ավանեսյանը Բերդաշենի «Ասֆալտեն տակ» կոչվող հատվածում էր հող վարում, գարնանացան ցորենի ժամանակն է: Կես ժամ շարունակ կրակում էին, բայց, ասում է, «ուշ՝ գնդակների փոշուց հասկացա, որ թիրախում ես ու գյուղտեխնիկան ենք», տրակատորի աղմուկը շեղել է։
«Դաշտի վերջը հասա, տեսա մեր պոստի տղեքից մեկը ձեռով ա անում, ասում եմ՝ «կարող ա՞ կրակել են», ասում ա՝ «հա, բա ինչ ա, չես լսո՞ւմ
ձենը, որ կրակում են, կես ժամ ա կրակում են», ասում եմ՝ «դե տրակտորի մեջ ձեն էի՞նք լսում, որ կրակում են», - պատմեց Աբրիկ Ավանեսյանը: Հեռանալիս արդեն հանդիպել է տեղանքին մոտեցող ռուս խաղաղապահներին՝ զրահատեխնիկայով։
«Միևնույն է, այդ հողամասը գնալու եմ վարեմ», - ծիծաղում է Ավանեսյանը: Տրակտորիստ է, այլ աշխատանք չունի. 53- ամյա տղամարդը տան միակ կերակրողն է, երեք աղջիկների միակ ծնողը. - «Ինձ ո՞վ ա վարձատրում տունը նստած, որ էս էրեխեքին պահեմ: Միկողմանի էրեխեքը ծնողազուրկ, ես էլ կին չունեմ, իրեք աղջիկ էրեխա եմ սովորեցնում, մեկը՝ ուսանող, էրկուսը՝ դպրոցական, ես տունը նստեմ ի՞նչ անեմ»:
44-օրյա պատերազմից հետո Արցախի փոքրացած տարածքում ավելի ու ավելի է բարդանում հող մշակելն ու անասուն պահելը։ Արցախի գյուղերում դժգոհում են՝ ադրբեջանցիները կա՛մ կրակում են, կա՛մ իրենց անասուններին արոտավայրերից քշում դեպի ադրբեջանական հենակետեր: Իրենց լավ չեն պահում, ասում է Մյուրիշենի համայնքապետ Բորիկ Մեժլումյանը: 300 խոշոր եղջերավորներ ունեին մյուրիշենցիները, հիմա ընդամենը 30 կով է մնացել:
Շրջափակումը սրեց պարենային ինքնաբավության խնդիրը
Արցախի բլոկադան խնդիրն է՛լ ավելի սրեց. հենց առաջին օրերին կարտոֆիլը, գազարը, կաղամբը, խնձորը դարձան ամենադեֆիցիտ ապրանքները։ Պարզվեց՝ ներկրվում էին Հայաստանից: Ինչո՞ւ՝ միմյանց էին հարցնում արցախցիները, ընդունում՝ պատճառը միայն հարևանները չեն:
«Լոբին՝ աբիկնավեննին, էն չոր լոբին, ընչի՞ չկա, որովհետև ոչ մեկը օզում չի բոստան գնա, էդ՝ մեկ, երկրորդն էլ՝ ջրի պակասությունը», - «Ազատությանը» ասաց Մյուրիշենի համայնքապետը:
Բորիկ Մեժլումյանը հիշում է՝ 1990-ականներին ծանր վիճակ էր, բայց միրգ-բանջարեղենի խնդիրն այսքան սուր չէր, կոլտնտեսությունը համակարգված իր պաշարներն ուներ։ Այժմ էլ աշխարհին կապող ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը Արցախի կառավարությանն ստիպել է մտածել նոր լուծումների մասին:
«Բլոկադան կստիպի, որպեսզի այդ բոլոր հողատարածքները ավելի ճիշտ օգտագործեն: Եվ նախնական հայտերից, մենք ունենք արդեն, երևում է, որ մարդիկ հենց հիմնականում ամենից շատը կարտոֆիլի հայտ են ներկայացրել, որպեսզի կարտոֆիլ ցանեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը:
Գյուղնախարարն ասում է՝ իհարկե, շատ արագ պարենային ինքնաբավության հարցը չի լուծվի, բայց գոնե այս տարի պետք է փորձեն արդյունավետ օգտագործել ոռոգվող հողատարածքները. այս պահին սկսել են սերմեր տրամադրել գարնանացանի համար:
«Հիմնականում սերմացուները անվճար են՝ բացառությամբ մի քանի սերմացուների: Դա կապված է նրա հետ, որպեսզի նպատակային օգտագործվի, և չարաշահումներ չլինեն, այդ սերմացուները չհայտնվեն անասնակերի կարգավիճակում», - նշեց Սաֆարյանը:
Նաև արցախցիներին խրախուսում են բանջարեղեն ցանել, օրինակ՝ եթե մեկ հեկտարի վրա լոլիկ, գազար կամ կաղամբ աճեցնեն, կստանան 500 հազար դրամ: Երեկ նախագահ Արայիկ Հարությունյանը պարենային ինքնաբավության բարձրացման խնդիրը շեշտեց նորանշանակ պետնախարարի հետ կառավարության առաջին նիստում:
«Մինչև պատերազմը աշխարհում եղել ենք առաջին պետությունների շարքում պարենային ինքնաբավության առումով: Այո, մեր պարենային անվտանգությունը, պարոն Ներսիսյան, պետք է կարճ ժամանակահատվածում բերենք այն աստիճանի, որ գիտակցելով այն բոլոր մարտահրավերները՝ այսօրվա և սպասվող, կարողանանք հաղթահարել», - հայտարարեց Արցախի նախագահը:
Շրջափակման 81 օրը ցույց տվեց , որ Արցախը միրգ-բանջարեղենի ընդարձակ տեսականուց միայն մեկ միրգ ունի, որի ներկրման կարիքը չկա՝ նուռը:
«Օվոշչի-ֆրուկտն ա, ես միշտ էլ ասել եմ՝ ինչի՞ չունենք: Մնացածը, ղարաբաղցու ասած, յուղի մեջին տապակվում ենք, էլի՝ միսը կա, հավերը կա, ձուն կա, ալյուրը կա... Մնացածը հեշտ ա, էլի, ոչինչ», - ասաց Բորիկ Մեժլումյանը: