Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում թեժ վեճեր են սկսվել «Օտարերկրյա գործակալի մասին» օրինագծի շուրջ:
Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մեծ թվով ցուցարարներ պահանջում են չեղարկել օրինագիծը:
Խորհրդարանի ներսում քննարկումը կազմակերպվել է գլխադասային հանձնաժողովում: Քննարկմանը նախորդել է ծեծկռտուք իշխող կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև: Դրանից հետո սկսվել է բուն քննարկումը, որն այս պահին շարունակվում է:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունն օրինագիծն ընոդունելու կողմնակից է և փետրվարին հայտարարել է, որ դրան հավանություն կտա:
Ընդդիմության համոզմամբ, օրինագծի ընդունումը կնշանակի քայլ երկրում ավտորիտար կարգեր հաստատելու ուղղությամբ:
Օրինագիծը ենթադրում է, որ ցանկացած հասարակական կազմակերպություն պետք է պաշտոնապես գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ», եթե դրա ֆինանսավորման 20 տոկոսից ավելին արտասահմանից է ստացվում: Չգրանցվելու դեպքում ՀԿ-ն խոշոր տուգանք կվճարի:
Ընդդիմությունն ասում է, թե «Վրացական երազանք»-ի համար օրինակ է ծառայել Ռուսաստանում 2012 թվականին ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը Կրեմլին ընձեռել է քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքների քաղաքականություն վարելու հնարավորություն:
Փետրվարին ավելին քան 60 լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակության կառույցներ հայտարարել են, թե չեն ենթարկվի օրենքին, եթե այն ընդունվի խորհրդարանում:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ արգելանք կդնի օրենքի վրա: Վրաստանի խորհրդարանը կարող է քվեարկությամբ շրջանցել նախագահի սահմանած վետոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կոշտ քննադատություն է արժանանումՏարբեր երկրների 40 կազմակերպություններ Վրաստանին կոչ են անում չընդունել «օտարերկրյա գործակալի» օրենքը