Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում

Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Ռուս խաղաղապահները անցած օրվա ընթացքում հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Ասկերանի շրջանում, տուժածներ չկան: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարտի 2-ի տեղեկագրում:

Թե որ կողմից է եղել խախտումը՝ հաղորդագրությունը չի մանրամասնում: Նշվում է միայն, որ փաստի կապակցությամբ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է իրականացնում:

Նախորդ երկու օրերին ևս արցախյան շփման գծում հրադադարի խախտում է արձանագրվել: Ըստ Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ Մարտունու շրջանում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակել քաղաքացիներից մեկի տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները կրակում են գարնանացանն սկսած արցախցիների ուղղությամբ