Այսօր վաղ առավոտյան Ստամբուլ - Երևան ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նիկիտա Կամենսկին։ 31-ամյա տղամարդուն հայրենիքում մեղադրում են վանդալիզմի, մասնավորապես, հակապատերազմական գրաֆիտիներ անելու համար։
Հայաստանյան իրավապահ մարմինները միայն ժլատ տեղեկություններ են փոխանցում։ Ոստիկանությունը հայտնեց, որ Ռուսաստանի քաղաքացին դեկտեմբերից հետախուզվում է Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից վանդալիզմի համար, իսկ Ազգային անվտանգության ծառայությունից ընդհանրապես հրաժարվեցին որևէ մանրամասն փոխանցել։ «Զվարթնոց» օդանավակայանի հերթապահ մասից էլ տեղեկացանք միայն, որ Կամենսկին ստորագրությամբ ազատ է արձակվել։ «Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։
Ըստ Ռուսաստանում քաղաքական հետապնդումները բացահայտող անկախ իրավապաշտպան «ՕՎԴ ինֆո» մեդիանախագծի, Կամեսկու նկատմամբ դեռ հուլիսին են գործ հարուցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում հակապատերազմական գրաֆիտիի համար։ Այդ ժամանակ իրավապահները նրան հարցաքննել են, ավելի ուշ՝ խուզարկել բնակարանը։
«Մենք անհանգստացած ենք այս հարցով, որովհետև կարծում ենք, որ Հայստանում ժողովրդավարություն կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանում ռուս-ուկրաինական պատերազմի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Յուրի Ալեքսեևը։
Նրան ոստիկանները դեռ մեկ տարի առաջ բերման էին ենթարկել «Պուտինը մարդասպան է» պաստառի համար։ Պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ակտիվիստ-բլոգերն ասաց՝ սա նշանակում է, որ Հայաստան ժամանած ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նման խնդրի բախվել. - «Ռուսաստանը քրեական գործ հարուցելու համար ցանկացած հիմք կարող է ընդունել։ Թեկուզ, ասենք, երկրից բացայկայելը առանց տեղեկացնելու։ Առաջին ագամ տուգանք, հետո քրեական հետապնդում ու վերջ։ Ռուսաստանում չկա ո'չ օրենք, ո'չ դատարան։ Այս ամենին զուգահեռ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի համաձայնագիր, որով կարող է հանձնել հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացիներին։ Կասկած չկա, որ Ռուսաստանը կարող է սարքել ցանկացած թուղթ, քրեական գործ ու պարտադրել Հայաստանին հանձնել իր քաղաքացուն։ Բայց չմոռանանք, որ քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանում քաղաքական ապաստան հայցելու իրավունք։ Այս մասով Հայաստանը մեզ կարող է պաշտպանել։ Եվ Նիկիտայի գործը կարևոր է այնքանով, որ կտեսնենք, թե ինչ կանի Հայաստանը։ Ռուսաստանը հիմա փորձում է Հայաստանին»։
Ռուս ակտիվիստն ասաց, որ Կամենսկիին օգնելու համար արդեն դիմել են հայ փաստաբաններին։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները չպետք է տուրք տան այդ պահանջներին և մարդկանց հնարավորություն տան, որպեսզի նրանք ազատ ելումուտ ունենան Հայաստանի Հանրապետության տարածքում», - «Ազատությանն» ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Քաջատեղյակ լինելով միջպետական բոլոր համաձայնագրերին՝ Սաքունցը շեշտեց, որ այսօր Ռուսաստանում ռեպրեսիվ ռեժիմ է գործում, մարդիկ ճնշումների են ենթարկվում ընդամենը պատերազմին դեմ արտահայտվելու համար, ուստի Հայաստանի իշխանությունները պետք է շատ զգույշ գործեն. - «Քանի որ դրանք բոլորը քաղաքական ենթատեքստ ունեն և քաղաքական հետապնդումներ են, ապա ակամայից Հայաստանը մասնակից է դառնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումների այդ գործընթացին, որը, իհարկե, աննորմալություն է։ Հայաստանը նույնչափ պատասխանատվություն է կրում այդ քաղաքական հետապնդման համար։ Հիմա Ռուսաստանը մի պետություն է, որը դուրս է եկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, այսինքն՝ ինքը հրաժարվել է կոնվենցիոնալ պարտավորություններից։ Բայց այդ դեպքում մենք չենք կարող շարունակել գտնվել այդ միջպետական իրավական փոխօգնության պայմանագրի շրջանակներում, որովհետև ինքը արդեն իսկ հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից վերցված միջազգային պարտավորություններին»։
Իհարկե, կարող են լինել նաև ոչ քաղաքական հետապնդման դեպքեր, այլ քրեական գործերով անցնող մարդիկ, և թացը չորի հետ չխառնելու համար, պետք է լինի տարբերակված մոտեցում. - «Խախտած կլինեն կոնվենցիոն պարտավորությունները այն իմաստով, որ այդ անձինք, որոնք հետախուզվում են Ռուսաստանի Դաշնության իշխանության կողմից, եթե արտահանձնվեն, կարող են ենթարկվել խոշտանգումների, բռնությունների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ, փաստեր, հրապարակումներ գոյություն ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավորություն ունեն ապահովելու այնպիսի պայմաններ և իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունը համարվի անվտանգ այլ պետությունների քաղաքացիների համար՝ եթե նրանք իրենց երկրների իշխանությունների կողմից ենթարկվում են քաղաքական հետապնդման»։
«ՕՎԴ Ինֆո» մեդիանախագծի տվյալներով, Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակումից հետո 450 մարդ է մեղադրյալի կարգավիճակ ստացել հակապատերազմական ակցիաների համար։