Լավրով. Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված այլ երկրների ջանքերը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ օգնելու առաջ շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ողջունում է ցանկացած ջանք, որը բխում է իրավիճակի կայունացման շահերից։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի նախագահն, իր հերթին, հույս է հայտնել, որ այս տարին բեկումնային կլինի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Դա հաստատվել է հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և հենց Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար:

Այցի երկրորդ օրը՝ վաղը, Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։