Եգիպտոսի արտգործնախարարը Թուրքիայում է

Արխիվ

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այսօր ժամանել է Թուրքիա՝ այցելելով փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններ։ Այցի ընթացքում Շուքրին հանդիպել է իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօողլուի հետ՝ քննարկելով Անկարայի և Կահիրեի հարաբերությունների հետագա կարգավորման հեռանկարները։

«Մենք պետք է աշխատենք տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մենք քննարկում էինք, թե հատկապես որ խնդիրների շուրջ է հարկավոր կենտրոնանալ։ Մեր հանդիպումից հետո չի բացառվում նաև Թուրքիայի և Եգիպտոսի նախագահների հանդիպումը։ Դա արտգործնախարարությունների խնդիրն է, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», - Մերսինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն։

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2013-ին, երբ պաշտոնանկ արվեց երկրի իսլամիստ նախագահ Մոհամադ Մուրսին։ Անկարան այդ քայլը բնորոշեց որպես ռազմական հեղաշրջում՝ հետ կանչելով Կահիրեում իր դեսպանին։