Արցախի դատախազությունից հաղորդում են՝ Անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկը պետությունից 25 միլիոն դրամ է հափշտակել՝ ակնհայտ կեղծ-հաշիվ-ապրանքագրերի միջոցով։ Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին, իսկ քրեական գործը հարուցվել է օրեր առաջ։ Դատախազությունը չի բացահայտում պաշտոնյայի ինքնությունը։
«2022թ. սեպտեմբերին ԱՀ անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել են անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր, դրա հիման վրա պետական բյուջեից առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26 միլիոն դրամ, որից 25 միլիոն դրամը կանխիկացվել ու յուրացման եղանակով հափշտակվել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս», - ասված է հաղորդագրությունում։
Քրեական գործ է հարուցվել առնաձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու ու կեղծ ձեռնարկատիրության հոդվածներով, հետաքննություն է անցկացվում։
Դատախազությունն ավելի վաղ էլ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործի մասին էր հայտնել։ Այն կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ։ Արցախի գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ Քննչական կոմիտեն քննում է Արցախի անվտանգության խորհրդի պատասխանատու պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանգամանքները, որոնք առաջացրել են խոշոր չափերի գույքային վնաս։
Արդյոք Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործն ու նոր հարուցված քրեական գործը նույն դեպքի վերաբերյալ են, դատախազությունից դեռ չի հաջողվել պարզել։ Ինքը՝ Բալասանյանը ևս լռություն է պահպանում։
63-ամյա Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարին։ Պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց նրան հեռացնելու պատճառը։ Արդյոք այս քրեական գործերը կապված են Բալասանյանի պաշտոնանկության հետ, Արցախի նախագահականից հերքեցին։
Սեպտեմբերին տեղի ունեցած ենթադրյալ յուրացման ժամանակ Արցախի անվտանգության խորհուրդը ղեկավարում էր հենց Վիտալի Բալասանյանը։