Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Գերմանիայում Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։
Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում վաստակելով 14.833 միավոր։ Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում։ Արթուր Ավետիսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ վաստակած 14.533 միավորով։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը չորրորդ տեղն է գրավել (14.500):
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 27-ից մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանի ներկայացուցիչները ևս կմասնակցեն։