Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 28-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Չինաստան, այս մասին հայտնում է Բելառուսի առաջնորդի գրասենյակը։
Բելառուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդները մտադիր են քննարկել առևտրատնտեսական, ներդրումային և հումանիտար համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, փոխգործակցությունը քաղաքական ոլորտում և « արձագանքը միջազգային ամենասուր մարտահրավերներին»։
Այցին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների դիվանագիտության ղեկավարները: Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը հայտարարել է՝ Պեկինը պատրաստ է աշխատել Մինսկի հետ՝ խորացնելու փոխադարձ քաղաքական վստահությունը։
Ըստ չինական կողմի պաշտոնական հաղորդագրության, Պեկինը վստահեցրել է նաև, որ կշարունակի աջակցել Բելառուսին իր ազգային կայունությունը պահպանելու հարցում, կհակազդի Բելառուսի ներքին գործերին միջամտելու կամ Մինսկի դեմ «ապօրինի» միակողմանի պատժամիջոցներ կիրառելու «արտաքին ուժերի» փորձերին։