Ուկրաինայում մեկ տարում ռուսներն ավելի շատ զինծառայող են կորցրել, քան ԽՍՀՄ-ն Աֆղանստանի իննամյա պատերազմում

Ուկրաինայի դեմ մեկ տարի տևող պատերազմի ընթացքում ռուսները կորցրել են ավելի շատ զինծառայող, քան խորհրդային բանակն Աֆղանստանի իննամյա պատերազմում: Այդ մասին ասվում է զեկույցում, որը համատեղ հետաքննության արդյունքում հրապարակել են «Մեդիազոնա» կայքը և BBC բրիտանական ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Զեկույցը կազմվել է միայն բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններով, որոնցում նշված են զոհվածների անուն-ազգանունները և հասցեները: «Մեդիազոնան» և BBC-ին նշում են, որ զոհերի իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:

Մոսկվան և Կիևը չեն հրապարակում զոհերի թիվը: 2022-ի նոյեմբերին Պենտագոնը հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան, սպանվածներով և ծանր վիրավորներով, կոցրել են հավանաբար հարյուր հազարական զինծառայող:

Արևմտյան որոշ հետախուզական կենտրոնների կարծիքով, ռուսների սպանվածների և ծանր վիրավորների թիվը կարող է հասնել 200 հազարի, իսկ միայն սպանվածներինը՝ մոտ 60 հազարի:

Ուկրաինայի դատախազության պատերազմի վարչության ղեկավար Յուրի Բելոուսվը The Independent բրիտանական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը կարող է հասնել 100 հազարի:

ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, որոնք հաշվի են առնում միայն պատկան գրասենյակների կողմից փաստագրված մահվան դեպքերը, Ուկրաինայում 2023 թվականի փետրվարի սկզբի դրությամբ զոհվել է մոտ 8 հազար խաղաղ բնակիչ, ևս մի քանի խաղաղ քաղաքացի պատերազմի ընթացքում սպանվել է Ռուսաստանի տարածքում: