Զելենսկի. «Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավորներ ընտրեցին ոչ թե սպիտակ, այլ կապույտ-դեղին դրոշը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսում է պատերազմի առաջին տարվա մասին, Կիև, 24 փետրվարի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ի վաղ առավոտյան հանդես է եկել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով:

«Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավորներն ընտրեցին ոչ թե սպիտակ, այլ կապույտ-դեղին դրոշը, ոչ թե փախուստը, այլ դիմավորումը՝ թշնամու դիմավորումը, գիտենք, որ այս տարին կլինի մեր հաղթանակի տարին», - հայտարարել է Զելենսկին ուղերձում, որը տեղադրվել է նրա տելեգրամ-ալիքում:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ «դա ցավի, հույսի, արցունքների և միասնության տարի էր:

«Եվ այս տարին կլինի մեր անպարտելիության տարին, մեր հաղթանակի տարին», - հավաստիացրել է Ուկրաինայի ղեկավարը:

Տեսաուղերձից հետո նրա տելեգրամ-ալիքում հայտնվել է նաև «Փետրվար. Անպարտելիության տարի» վերնագրով գրությունը:

«Մենք ուժեղ ենք, մենք պատրաստ ենք ամեն ինչին, մենք բոլորին կհաղթենք: Որովհետև մենք՝ Ուկրաինա ենք: Այս խոսքը ես ասել եմ մեկ տարի առաջ՝ պատերազմի մեկնարկի օրը: Մենք չգիտեինք, որ կլինի «վաղը», բայց հասկացել էինք, որ ամեն «վաղվա» համար կռվել է պետք: Մենք կանգուն ենք ճիշտ մեկ տարի»,- ասվում է Զելենսկու գրությունում:

Նախագահը հավաստիացրել է, որ Ուկրաինան կդիմանա սպառնալիքներին, կասետային ռումբերին, հրթիռներին, կամիկաձե-անօդաչուներին, հոսանքի անջատումներին և ցրտին, «որովհետև ուկրաինացիներն այդ ամենից ուժեղ են»: