ՌԴ-ում ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մոսկվայում հանդիպել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել դեսպան Լինն Թրեյսին։

«Լինն Թրեյսին հիշել է 2022 թվականի Ադրբեջան կատարած իր այցի մասին, ասել, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը շատ հաճելի տպավորություն է թողել իր վրա»,- հայտնում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության մամլո ծառայությունը։

Լինն Թրեյսին մինչև ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորելը ԱՄՆ-ի դեսպանն էր Հայաստանում։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան դեսպան Բյուլբյուլօղլուի հետ զրույցում շեշտել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբարությունների շուտափույթ կարգավորմամբ։

«Հանդիպման վերջում հյուրին նվիրվել է «Ղարաբաղը օկուպացիայից առաջ և հետո» գիրքը, որը նրբաճաշակ տպագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից», - տեղեկացնում է ադրբեջանական դեսպանությունը: