Հոգեկան հիվանդություն ունեցող երիտասարդի ներքնակը գետնին է եղել՝ ինքն էլ մետաղական շղթայով կապված ջեռուցման մարտկոցին։ Մեկ այլ հիվանդի ձեռքերն ու ոտքերը կտորով կապել են մահճակալի 4 անկյուններից։ Տուն-ինտերնատում սանիտարների ու ճաշարանի աշխատողների գործը հիվանդներն են անում, նրանք նաև տնօրենի կամ նրա բարեկամների անասնագոմն են մաքրում։ Հոգեկան խնդրով մարդիկ առանց մսի ապուր ու հաց են ուտում։
Քննչական կոմիտեն էր օրեր առաջ այս պատկերը ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատից։ Տնօրենն այժմ կալանավորված է՝ խոշտանգման ու թրաֆիքինգի մեղադրանքով, ինտերնատի միակ հոգեբույժը տնային կալանքի տակ է, ևս երեք աշխատակիցներ մեղադրյալ են ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։
«Պարոն Խաչատրյանը իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ դիրքորոշում չի արտահայտել՝ դա պատճառաբանելով, որ իրեն անհիմն, ապօրինի ձերբակալել են, ազատությունից զրկել են», - «Ազատությանն» ասաց տնօրեն Կարեն Խաչատրյանի փաստաբան Անահիտ Սաղաթելյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տալիս։
«Մեր համար դա նորություն էր։ Որովհետև մենք տարբեր ֆիզիկական միջոցների կիրառում տեսել ենք, որոնք օրենքով նախատեսված չեն եղել, բայց երկաթե շղթաների կիրառումը մեր համար առաջին անգամ էր, բացահայտում էր», - ասաց ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
Նա տարակուսած է՝ զսպման միջոց հոգեկան հիվանդություն ունեցողի հանդեպ կարելի է կիրառել, նրան հանդարտեցնել, բայց երկաթե շղթայո՞վ. - «Նման զսպման միջոցներ չի նախատեսված, օրենքով չնախատեսված զսպման միջոցներ են կիրառվել»։
«Ես զարմացած եմ... անգամ էդ շղթան, ի՞նչ շղթա, եղել ա, չի եղել... Ես նման դեպք չեմ տեսել ընդհանրապես», - ասում է տուն-ինտերնատի գլխավոր բուժքույր Անուշ Հայրապետյանը։
Տուն-ինտերնատի կոլեկտիվը բողոքի ակցիա արեց՝ ի պաշտպանություն տնօրենի, հետո բաց նամակ տարածեցին, որում պնդում են, թե Խաչատրյանն անխոցելի լավ տնօրեն է. - «Դա բանսարկություն ա։ Նման բան չէր կարող լինել։ Մեր տնօրենը շատ բարեխիղճ, շատ բարեհամբույր աշխատողների և հիվանդների նկատմամբ։ Նա բարձր ինտելեկտ ուներ, նա չէր կարող հիվանդին խոշտանգման ենթարկեր» (Անուշ Հայրապետյան)։
Ինտերնատի գլխավոր բուժքույրը վստահեցնում է, որ ամեն օր անցել է բաժանմունքներով և որևէ մեկին կապված, շղթայված չի տեսել։
«Մի հատ էլ կարող ա ասեն՝ երկաթ են տաքացրել, մարմինը... ինչ ասես կարող ա կասեն, բայց հիմքերը...», - ասաց ներկայանալ չցանկացած ինտերնատի մի աշխատակից։ Նրա խոսքով, հոգեբույժն է որոշում, թե որ հիվանդին ինչպես հանդարտեցնեն, պնդում է, թե հիմնականում դեղորայքով ենք անում։ Կոնկրետ երիտասարդը, որին ըստ իրավապահների՝ ջեռուցման մարտկոցին են շղթայել, անհանգիստ հիվանդ է։ 25-ամյա տղան շիզոֆրենիա ունի , մտավոր հետամնացություն ՝ վարքի խանգարմամբ. - «Որովհետև ինքը նստում էր, ձայներ էր հանում, ոտը խփում էր հատակին... ու մնացածին ոնց որ իրանց հանգիստը խանգարեր»։
Հաստատության նախկին գլխավոր բժիշկը, որ դարձյալ ներկայանալ չցանկացավ, նույնն է պնդում է՝ այսպիսի հիվանդներին հանդարտեցնելու մեթոդը հոգեբույժն է որոշում, ոչ թե տնօրենը։ Ինչո՞ւ են տնօրենին մեղադրում, հարցնում է. - «Կարենը սանիտարին ասել էր գնա կապի, նա էլ գնացել կապե՞լ էր... էդ հիվանդները նույնիսկ իրա արևով են երդվում»։
Նա ասում է, թե անձնակազմը բողոքի ակցիաները կշարունակեր, բայց կանգ են առել, քանի որ ինտերնատում 450 հիվանդ է խնամվում, ու եթե նրանց հետևող չլինի, Վարդենիսի տարածաշրջանն անկառավարելի քաոսի կվերածվի։
Արդյոք հիվանդներին աշխատեցրել են գոմերում։ Աշխատակիցները սա էլ են հերքում։ «Դա բացառվում ա, տենց բան չկա։ Տնօրենն էլ անասնագոմ չունի», - պնդում է Անուշ Հայրապետյանը։
Պաշտպանի գրասենյակը Վարդենիսի տուն-ինտերնատի խնդիրներին երկու տարի առաջ էր անդրադարձել։ Լաուրա Գասպարյանն ասում է՝ այցելեցինք նաև օրեր առաջ, գրեթե ոչինչ չի փոխվել։ Այն ժամանակ էլ գտել էին սավանի կտորներ, որոնցով կապում էին հիվանդներին, գտել էին արյունոտ սավան։ Խնամվողների հագուստը չորանում էր բառացիորեն գետնին, զուգարանը բաղնիք են դարձրել, առանց ցնցուղի, հիվանդների լոգանքի ճիլոպները մեկ ընդհանուր պարկում են, բողոքների արկղը բաց է վերևից ու ներքևից...
Գասպարյանն ասում է՝ օրեր առաջ էլ երբ գնացինք, պարզվեց, որ ինտերնատի բնակիչները վաղուց արևի երես չեն տեսել. - «Այսինքն՝ անձինք չորս-հինգ ամիս չեն դուրս բերվել զբոսանքի, փակված են իրենց բաժանմունքներում»։
Գասպարյանի խոսքով, շղթայով կապված երիտասարդին Վարդենիսում չեն տեսել, նրան արդեն տեղափոխել են Սևանի հոգեբուժական հաստատություն։ Իսկ մյուս տղամարդուն, որին ըստ իրավապահների՝ մահճակալին էին կապել, մեկուսարան են տարել. - «Մենք արձանագրեցինք փաստ, որ անձը մեկուսացվել է։ Դա նույնպես համարվում է զսպման միջոց։ Եվ փաստացի առանց հոգեբույժի հսկողության, առանց հոգեբույժի դիտարկման...
Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը խիստ մտահոգիչ է համարում նաև այն, որ տարիներով չի լուծվում հոգեբույժի հարցը. 450 ծանր հիվանդով զբաղվում էր միայն մեկ հոգեբույժ՝ Միշա Կահրամանյանը, որը հիմա տնային կալանքի տակ է։ Սոցապ նախարարությունը ժամանակավոր մեկ այլ մասնագետով է փոխարինել նրան։
Հայաստանյան հոգեբուժական, խնամքի հաստատություններում տարիներով ոչինչ չի փոխվում։ Տարբեր կառույցների զեկույցները, մշտադիտարկումները, նույնիսկ քրեական գործերը անհետևանք են մնում։ Վարդենիսի տուն-ինտերնատի վերջին 11 տարիների բոլոր տնօրենները այդտեղից հեռացել են քրեական հոդվածներով։