Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին

Ռուսական միջմայրցամաքային հրթիռի արձակման ստորգետնյա կայան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում ընթերցած տարեկան ուղերձում հայտնել է, որ Դաշնությունը սառեցնում է մասնակցությունը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման հետագա միջոցառումների մասին» պայմանագրին:

«Հարկադրված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը պայմանագրին, կրկնեմ՝ ոչ թե դուրս է գալիս, այլ՝ սառեցնում», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով, պայմանագրին վերադառնալու համար Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես է հաշվարկվելու ՆԱՏՕ-ի հարձակողական սպառազենի միացյալ հզորությունը:

Նա ասել է նաև, թե «Վաշինգտոնում որոշ գործիչներ քննարկում են միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը»:

«Այդ դեպքում Մոսկվան էլ դրանք կանցկացնի», - ասել է Վլադիմիր Պուտինն օրենսդիրներին հասցեագրված ամենամյա ավանդական նախագահական ուղերձում: