Բայդենը Վարշավայում հանդես կգա ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով

Լեհաստանը պատրաստվում է դիմավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով հանդես կգա հատուկ ուղերձով, Վարշավա, 21 փետրվարի, 2023թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին՝ ուշ երեկոյան Ուկրաինայից մեկնել է Լեհաստան:

Ուկրաինա կատարած անակնկալ այցի ընթացքում Բայդենը հանդիպել է իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ և ռազմական ու ֆինանսական նոր օգնություն է խոստացել ռուսների ագրեսիան դիմագրավող երկրին:

Ջո Բայդենը վարշավյան այցի ընթացքում հանդիպում է նախագահ Անջեյ Դուդայի հետ: Երկու ղեկավարները քննարկելու են Ուկրաինային սատարելու և, մասնավորապես, նոր սպառազեն ու մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը:

ԱՄՆ նախագահը Վարշավայում պետք է հանդես գա ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով:

Լեհ քաղաքական գործիչների համոզմամբ, Բայդենի այցը վկայում է այն մասին, որ Լեհաստանն աշխարհաքաղաքական տեսանկյունից դարձել է առանցքային երկիր ոչ միայն աշխարհագրական դիրքի, այև Ուկրաինային վճռականորեն աջակցելու բերումով: