«Մենք առողջ, ուժեղ, պինդ տղաներ ենք տվել։ Մենք ուզում ենք, որ հետ տան մեր էրեխեքին ընենց, ոնց որ մենք իրենց տվել ենք։ Մենք մոխիր չենք տվել իրանց», - ասում է մոխրացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի մայրը՝ Արմինե Աղախանյանը։ - «Եթե էրեխեքը իրանց պետք չէին, հիմա պետք չէին, թող տային մեզ... Մեր էրեխեքը մեզ պետք էին»։
Արմինեն, մյուս ծնողները իշխանության դուռն են եկել բազմաթիվ հարցերով, որոնցից ոչ մեկի պատասխանը ողբերգական դեպքից մեկ ամիս անց չեն ստացել;
«Քննություն չի ընթանում վաբշե, վաբշե տեղից չի շարժվում», - ասում է մահացած զինծառայող Վոլոդյա Ներսիսյանի հայրը՝ Մհեր Ներսիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կրակը 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան»․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել սպայի ցուցմունքիցՕրեր առաջ կապիտան Եղիշե Հակոբյանը, ով, ըստ պաշտոնական վարկածի, բեզինով վառել է վառարանը, ինչի հետևանքով հրդեհվել է զինվորների կացարանը, ցուցմունք տվեց, ու սա բազմապատկեց ծնողների հարցերը։ Կապիտանն ասել էր, որ կրակը նախասրահից ննջարան է հասել 15-20 րոպեում։ Ինչո՞ւ այդ ընթացքում տղաները դուրս չեն եկել։
«Էդ քսան րոպեն կապիտանը պարտավոր էր իրա կյանքի գնով փրկեր մեր էրեխեքին։ Իսկ եթե իրա մոտ էլ ա կասկածելի, թե ինչի են մեր էրեխեքը քնած, մենք ումի՞ց պտի պահանջենք։ Նա է պատասխանատուն մեր էրեխեքի», - ասում է ծնողներից Արման Բարսեղյանը՝ Գագիկ Բարսեղյանի հայրը։
«Մեր վերսիան էն ա, որ մինչև հրդեհը էրեխեքը արդեն մահացած են էղել։ Թե չէ էդպես բան ո՞նց կարա էղնի, տասը րոպեյվա մեջ էրեխեն քնի, պատերազմ տեսած էրեխա, տասնհինգից քսան րոպե էլ, կապիտանի ըսելով, իրանց զարթնցնեն, չզարթնեն քնից», - հավելում է Մհեր Ներսիսյանը։
Նրա որդին՝ Վոլոդյա Ներսիսյանը դեպքից կարճ ժամանակ առաջ է զանգել, վառարանը վառ է եղել. - «Ասել ա՝ վառարանի կողք նստած սուրճ ենք խմում, հլը չենք պատրաստվում քնելու, էլի կզանգիմ ուշոտ... էլ չի զանգե»։
Արմինեի որդին նույնպես 12։30-ին արթուն է եղել. - «Ինքը տասներկուսն անց կես սաբշչենի ա գրել, ընկերուհուն բարի գիշեր ա մաղթել»։
Ծնողները չեն հավատում, որ իրենց որդիները մահացել են հրդեհի հետևանքով՝ ասում են ինչ որ բան մինչև հրդեհն է եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհից զոհված զինվորների հարազատները չեն հավատում քրգործի քննությանը, սեփական հետաքննությունն են սկսում«Պաշտպանության նախարարի, զինվորական դատախազի հետ հանդիպման համար նախապես մենք դիմել ենք փետրվարի 9-ին։ Իսկ վարչապետի հետ հանդիպման պահանջը այսօր է ներկայացվել ծնողների կողմից», - ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա փոխանցմամբ, ծնողները քննությանը չեն վստահում։ Ծնողները փաստաբանի հետ ողբերգության վայրի զննություն են արել։
«Հատակը, որ փայտից էր, վառված չէր։ Մենակ էրեխեքի մահճակալների տակն էր վառված։ Ու հետո, ընդեղից ո՞ւմ հրամանով են էրեխեքին հանել, հլը կարա՞ն իրանք ասեն։ Ինչի՞ էին հանում... թե՞ դա արդեն կոծկելու նշան էր։ Կամ ինչի՞ էին պատը փլցնում...» - հարցեր է բարձրացնում զոհվածներից Արտյոմ Մանուկյանի պապը՝ Արամ Մանուկյանը։
Ծնողները պնդում են, թե իրենց հավաքած փաստերը չեն համընկնում պաշտոնական վարկածի հետ, որ ներկայացրեց վարչապետը ողբերգությունից ժամեր անց։ Այժմ հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ։
«Ընենց հայտարարություն արեց, ոնց որ ինքը անձամբ եղել ա դեպքի վայրում։ Հետո էլ ասեց՝ առանձնապես պարզելու բան էլ չկա», - ասում է Հայկի Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
«Վարչապետը իրա հայտարարությունով ուղղորդում ա էս գործը դեպի պաժառը։ Ուզում են գործը փակեն դեպի պաժառը, բայց մենք թույլ չենք տալու։ Մենք անելու ենք արտաշիրմում, նմուշների կրկնակի հետազոտում արտերկրում։ Մենք մինչև վերջ էթալու ենք էս գործը բացահայտելու համար», - հայտարարեց Արման Բարսեղյանը։
Կառավարության շենքում ծնողներին ընդունող եղավ, բայց վարչապետը չէր։ Թե ով էր, հանդիպումից դուրս եկած ծնողները չգիտեին։
Կառավարությունից տեղեկացանք, որ ծնողներին լսել է դիմումների, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման վարչության պետ Համլետ Նազարյանը։
Ազատի կացարանում զոհված 15 զինծառայողների հարազատները ասում են, որ շարունակելու են բողոքի ակցիաները, մինչև որ պարզ դառնա, թե ինչու մահացան իրենց երեխաները, ինչու չկարողացան փրկվել։ Ազատի հրդեհի գործով այժմ 5 մեղադրյալ կա ՝ կապիտան Եղիշե Հակոբյանն ու զորամասի 4 զինվորականներ, որ պատասխանատու էին այդ վաշտում հակահրդեհային միջոցների ապահովվման համար։
«Սաղ տեսել եմ... Սիրտս վկայում էր, որ մի վատ բան պտի ըլնի էդտեղ։ Անընդհատ զանգում էի, ասում էի՝ Գագ ջան, ո՞նց ես։ Ասում էր՝ տատ ջան, ի՞նչ ա էղել», - լալագին ասում է Գագիկ Բարսեղյանի տատը։
Գերմանիայից Վարդենիս ծառայելու եկած Գագիկի տատիկը Ազատի այդ կացարանում, որտեղ թոռն էր ծառայում, շատ է եղել։ Ի՞նչ հակահրդեհային միջոց, ոչինչ չկար, ասում է։ Տղաների լվացքի մեքենան ինքն էր ուղարկել։
«Չենք սպասել, որ պետությունը մեր երեխաներին պահի», - ավելացնում է Հայկ Կիրակոսյանի մայրը. - «Ինչ ասես ուղարկել ենք ու ի՞նչ... իրենք իրենց էրեխեքին գրկած քնում են, սիրում են, ուրախանում են իրանց էրեխեքով, իսկ մենք ամեն առավոտ նկարի առաջ ենք կանգնում, գնում ենք գերեզմաններ, սառը քարն ենք պաչում... Էսի ճիշտ չի»։