Թումանյանի ծննդյան օրը ազգային տոնին համարժեք մի բան է դարձել. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն

Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը դեռ տասնամյակներ առաջ Գրողների միության նախաձեռնությամբ դարձավ նաև Գիրք նվիրելու օր։

Այդ օրը գրադարաններում, թանգարաններում, դպրոցներում, Գրողների միությունում և այլ հաստատություններում ավանդաբար տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, գրքի փառատոներ, գրական ընթերցումներ և այլ ուշագրավ միջոցառումներ, որոնց նպատակը մեկն է՝ հանրությանը է'լ ավելի մերձեցնել գրողին ու գրականությանը։

Օրվա գլխավոր հերոսի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, ինչպես միշտ, երեկ լի էր այցելուներով։ Հատկապես դպրոցահասակ երեխաներն էին իրենց ուսուցիչների և ծնողների հետ եկել տուն-թանգարան՝ մասնակցելու այդ օրը տեղի ունեցող ամենատարբեր միջոցառումներին։

Մինչ դրանց մեկնարկը «Ազատության» հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց, որ Թումանյանի ծննդյան օրը մշտապես ինքնաբուխ տոնի է վերածվում. - «Թումանյանի ծննդյան օրը իսկապես ազգային տոնին համարժեք մի բան է դարձել։ Եվ նոր չէ այս մոտեցումը հայ ժողովրդի։ Դեռ Թումանյանի կենդանության օրոք, ինքը ապրեց ու վայելեց էդ սերը, էդ զգացողությունը մարդկանց։ Վկայությունները կան դուստրերի, որ հատկապես հայրիկի 50-ամյակին, երբ որ կորուստները շատ մեծ էին, դա 1919 թվականն էր, և' անձնական կորուստները, և' ազգային ահռելի կորուստները։ Եվ ասում է՝ հայրիկի մեջքը լրիվ կոտրված, հուսախաբ ու հուսահատ եղած, բայց ինքնաբուխ ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև Կովկասի ողջ ժողովուրդը, բազմազգ Թիֆլիսը ուղղակի տոն դարձրեց Թումանյանի ծնունդը։ Եվ ոչ միայն մեկ օրը, այլ ամիսներ շարունակ։ Եվ հայրիկին ոչինչ չէր մնում, քան տրվել էդ ամենին, և ասում է՝ ես զարմանում եմ էս ազգի կենսունակության վրա, որ կարողանում է իր ամենանեղ օրին էլ տոն գտնել ու էդ տոնով իր կյանքը լցնել»։

Թումանյանը ապրել է թե' իր ժողովրդի, թե' իր հայրենիքի համար չափազանց բարդ ու դժվարին մի ժամանակաշրջանում։ Նույնը կարելի է ասել մեր օրերի մասին, և զուգահեռներ անցկացնելով՝ Եղիազարյանը շեշտեց. - «Ներկայում պակաս չեն մեր ցավն ու կորուստները։ Դրանք էնքան թարմ են, որ թվում էր, թե պիտի հիմա միայն լռություն լիներ։ Բայց Թումանյանի էդ մեծ զարմանքը մեզ էլ է պատում, որ էս ազգի կենսունակությունը շատ մեծ է»։

Ամեն տարի Թումանյանի ծննդյան օրը նրա տուն-թանգարանի համար խորհրդանշական մեկնարկն է դառնում ողջ տարվա անելիքի։ Եվ ահա երեկ տրվեց մեկնարկը մի շատ ուշագրավ նախաձեռնության՝ «Թումանյանը և քանդակային արվեստը» խորագրի ներքո։ Բացվեցին աշխատարաններ դպրոցահասակների համար, որոնք ողջ օրվա ընթացքում հնարավորություն ունեցան կերտելու Թումանյանի հերոսներին, ներկայացվեցին Թումանյանի գրադարանում պահպանվող նրա այն գրքերը, որոնք ներկայացնում են համաշխարհային քանդակագործության պատմությունն ու լավագույն հեղինակներին, արխիվային ֆոնդերից ներկայացված էին նաև նրա անձնական քանդակները։

Ինչպես ընդգծեց Անի Եղիազարյանը, այս ծրագիրը կամփոփվի տարեվերջին մի ընդհանուր պատկերագրքով. - «Որտեղ համահավաք կներկայացվի Թումանյանի կերպարի և նրա ստեղծագործությունների քանդակային արվեստների գործի ամբողջական հատվածը երկլեզու պատկերագրքով՝ հայերեն, անգլերեն»։

Անի Եղիազարյանը հիշեցրեց նաև, որ այս տարի մարտի 23-ին լրանում է մեծ բանաստեղծի մահվան 100-ամյա տարելիցը, որը տարբեր միջոցառումերով կնշանավորվի թե' Երևանում, թե' Դսեղում և թե' Թբիլիսիում, որտեղ գտնվում է Թումանյանի շիրիմը։ Թբիլիսիիում տեղի կունենա «Թումանյանը և Թիֆլիսը» խորագրով երկօրյա միջոցառում. - «Գնալու և ներկայացնելու էն մեծ մարդուն, ով ազգերի կամրջողն էր մշակութային իր հզոր զենքով, և իր հայացքով նորից ներկայացնելու, թե ինչպիսին է եղել էն Թիֆլիսը, որտեղ ինքը տասնչորս տարեկանում հայտնվեց առաջին անգամ և փաստորեն իր կյանքի ամբողջ ուղին անցկացրեց այնտեղ։ Խոջիվանքի գերեզմանատանը հոգեհանգստի կարգի արարողությունից մինչև Վրաստանի գրականության թանգարանում մեր համագործակցության շնորհիվ բացառիկ ցուցահանդեսի բացում։ Երևանյան թանգարանից 26 անուն եզակի ցուցանմուշներ կտեղափոխվեն այնտեղ, և շուրջ մեկ ամիս մենք կունենանք ցուցադրություն, բացառիկ մի ցուցադրություն։ Ի դեպ, դա առաջին ակցենտն է այն օրից ի վեր, երբ որ Թբիլիսիից այդ ամբողջ ժառանգությունը տեղափոխվեց Հայաստան։ Փաստորեն դա 1953 թվականն էր։ 70 տարի հետո մենք այդ առարկաները ժամանակավորապես նորից տեղափոխում ենք Թիֆլիս, և մեկ ամիս նրանք կշնչեն թիֆլիսյան օդը և կվերադառնան Երևան»։