Իլհամ Ալիև. «Մինսկի խումբը թոշակի է անցել»

Նիկոլ Փաշինյանը, Իրակլի Ղարիբաշվիլին և Իլհամ Ալիևը, Մյունխեն, 18 փետրվարի, 2023թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում Ալիևը խոսել է բանակցային հարթակների մասին:

«Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ նա նշել է, թե Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար հարթակներից մեկը Բրյուսելյան ձևաչափն է: Այն եռակողմ է՝ Ադրբեջան, Հայաստան և Եվրամիություն:

Ալիևի խոսքով, կան նաև հայ-ադրբեջանական կարգավորման ամերիկյան և ռուսական հարթակներ, նշված ձևաչափերում Ֆրանսիան չկա այդ երկրի կառավարության միակողմանի հայամետ դիրքորոշման պատճառով:

«Եվ դա հասկանալի է, եթե միջնորդ ես, չես կարող մեկի կողմից լինել, չես կարող ցույց տալ, որ մեկի կողմից ես»,- ասել է Ալիևը:

Մինչդեռ, Մինսկի խումբ, ըստ Ալիևի, այլևս չկա: «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևն ասել է, թե այդ խումբը 28 տարում ոչ մի արդյունք չի ապահովել, թեպետ նախկին համանախագահները դեռ ունեն իրավիճակի վրա ազդելու որոշ լծակներ:

«Մինսկի խումբը թոշակի է անցել և գործնականում գոյություն չունի: Գուցե դեռ կա սոսկ թղթի վրա»,- ասել է Ալիևը: