27 տոկոս անբավարար՝ հայոց լեզվից, 45 տոկոս՝ մաթեմատիկայից

Քննություններ Երևանում, արխիվ

Աշակերտների 27 տոկոսն անբավարար է ստացել հայոց լեզվի թելադրությունից, 45 տոկոսը չի հաղթահարել մաթեմատիկայի թեստը։ Երկու առարկաներից էլ ստուգմանը մասնակցել է ավելի քան 3 հազար 500 աշակերտ։ Սա Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի հաշվետվությունն է։

Ի՞նչն է նման ցածր արդյունքի պատճառը: Փորձագետները մի քանի պատճառ են առանձնացնում՝ ուսուցիչների ցածր որակավորումից մինչև անմատչելի դպրոցական ծրագիրը։

«Անցած տարվա թվերից շատ չի տարբերվում: Իրավիճակը ոչ թե հիմա կտրուկ վատացել է, այլ ստաբիլ վատ վիճակում են գտնվում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց մաթեմատիկոս, «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը:

Գիտնականի կարծիքով՝ բնագիտական առարկայի նման ցուցանիշներն անմիջականորեն կապված են հայոց լեզվի իմացության հետ։ Երեխան, որ չի հասկանում մայրենիով կարդացած տեքստը, ինչպե՞ս կարող է ըմբռնել մաթեմատիկայի խնդիրը։

«Մինչև հայերենը չդզվի, հայերեն սովորեցնելու մեթոդները չփոխվեն, մաթեմատիկան սովորելու էֆեկտիվությունը դժվար թե աճի», - ասաց Գոգյանը:

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշ Թորոսյանը մտահոգիչ արդյունքները նախ բացատրում է դպրոցական ծրագրի բարդությամբ և ծավալով։

«Դրա հետևանքով ուսուցիչը, ինչպես շատ հաճախ ներկայացնում են, «վազում է» ծրագրի հետևից, ստիպված է լինում կատարել ծրագիրը՝ առանց ապահովելու, որ բոլոր սովորողները հավասար չափով յուրացնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորոսյանը:

Սմբատ Գոգյանը, որի ղեկավարած կենտրոնում մաթեմատիկա են սովորում տարբեր տարիքի երեխաներ, նաև մասնագետների պակասն է առանձնացնում, ընդ որում՝ սա վերաբերում է ինչպես մայրաքաղաքին, այնպես էլ՝ մարզերին։ Պատճառներից մեկն, ըստ պրոֆեսորի, ուսուցիչների ոչ մրցակցային աշխատավարձն է, որի հետևանքով շատ մասնագետներ ժամանակի ընթացքում նախընտրեցին տեղափոխվել ՏՏ ոլորտ. - «Դա բերեց նրան, որ մենք տասնամյակների ընթացքում պոտենցիալ մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ուսուցիչներ որ կարող էինք ունենալ դպրոցում, նրանք դարձան ծրագրավորող»:

Ուսուցիչները յուրաքանչյուր հինգ տարին մեկ պարտադիր ատեստավորում են անցնում։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում նրանք պետք է մասնագիտական բարձր հմտություններ ձեռք բերեն։

«Մենք ունենք բազմաթիվ այդպիսի դեպքեր, որ ուսուցիչները անցել են վերապատրաստում և ստացել են բաղադրիչից կրեդիտներ կազմակերպության կողմից, բայց էդ աշխատանքը կատարել չեն կարողանում», - նշեց Արտաշ Թորոսյանը:

Եթե ուսուցիչների մասնագիտական անբավարար կարողությունները Կրթության զարգացման ազգային կենտրոնի տնօրենը բացատրում է երկար տարիներ չարված աշխատանքով, ապա ամեն օր երեխաների հետ աշխատող մաթեմատիկոսն ասում է՝ անհրաժեշտ է նաև ստեղծել համապատասխան միջավայր սովորածը կիրառելու համար։

«Եթե վերապատրաստման արդյունքում դու չես փոխում միջավայրը, որտեղ էդ ուսումնական պրոցեսները լինում են, նոր արդյունք դու չես կարող ստանալ», - ասաց Գոգյանը:

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը առաջիկայում պատրաստվում է աշխատել ցածր արդյունքներ գրանցած դպրոցների հետ, ինչից հետո նոր վերլուծություն կանեն։ Սմբատ Գոգյանը դասավանդողների վերապատրաստման արդյունավետությունը տեսնում է ոչ թե անհատական, այլ՝ խմբային մոտեցման մեջ. - «Կարծում եմ, որ մի քիչ ավելի էֆեկտիվ կլիներ, որ վերապատրաստվեին ոչ թե ուսուցիչները առանձին իրենց հերթը գալով, այլ դպրոց-դպրոց իրականացվեր էդ ամեն ինչը»։

Կրթության նախարարությունը պատրաստվում է աշակերտների լեզվական, տնտեսական, մաթեմատիկական և այլ կարողությունները զարգացնել նոր մեթոդներով։ Գործընթացը նախատեսվում է ավարտել 2026 թվականին, մինչ այդ նոր չափորոշիչները 2021-ից փորձարկվել են Տավուշի մարզի դպրոցներում։ Կրթության զարգացման հիմնադրամի տվյալներով՝ դրական առաջընթաց է արձանագրվել։