Հաթայի նահանգում գտնվող հայկական Վաքըֆլը գյուղը երկրաշարժից աննշան է տուժել․ զոհեր չկան

Թուրքիա

Թուրքիայի Հաթայի նահանգում գտնվող հայկական Վաքըֆլը գյուղում երկաշարժի հետևանքով զոհեր չկան։ Վնասվել են մի քանի տներ, դպրոցի շենքը, Սուրբ Մարիամ եկեղեցու պատը։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ գյուղում 130 բնակիչ է ապրում։

Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը «Անադոլու» գործակալությանն ասել է, որ Վաքըֆլըին Հաթայի եզակի բնակավայրերից է, որտեղ զոհեր չկան։ Նա ասել է, որ երկրաշարժի պահին գյուղի բնակիչները քնած էին։

«Փառք Ամենաբարձրյալին, ոչ ոք չի տուժել։ Միայն նյութական վնասներ կան։ Էլեկտրամատակարարումը երեկ է վերականգնվել։ Ցավակցություն եմ հայտնում Թուրքիային։ Աստված չտա ևս մեկ անգամ նման բան վերապրել»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ Հաթայ քաղաքում վեց հայ է զոհվել։

Պերճ Քարթունը նաև շնորհակալություն է հայտնել իշխանություններին, որ աղետի առաջին օրվանից Վաքըֆլըին առանց ուշադրության չեն թողել՝ ապահովել են սննդամթերքով ու ծածկոցներով։

«Հազար շնորհակալություն։ Օգնել են նաև շարքային քաղաքացիներ։ Բոլորին շնորհակալություն, ովքեր օգնություն են ուղարկել»,- ասել է նա։

Վագըֆլըին Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղն է Մուսա լեռան լանջին։