Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ռուսական օդուժն այս գիշեր 32 թևավոր հրթիռ է արձակել, որոնցից 14-ը խոցվել է, հրթիռներից մի քանիսը հասել են նպատակակետերին՝ հարվածելով կենսական նշանակության ենթակառուցվածքներին:
Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում զոհվել է 79-ամյա կին, 7 մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություններ։
Հաղորդվում է նաև Պոլտավայի, Լվովի, Կիրովոգրադի շրջաններին հասցված հարվածների մասին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ռուսաստանը փոխում է հրթիռային հարվածներ հասցնելու իր մարտավարությունը՝ կեղծ թիրախներ է օգտագործում հետախուզություն իրականացնելու նպատակով:
Մոսկվան ուկրաինական կողմի հաղորդումներին չի արձագանքել: