Բլինքենը կմասնակցի Մյունխենի Անվտանգության համաժողովին, կայցելի Թուրքիա և Հունաստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմասնակցի Մյունխենի Անվտանգության համաժողովին, որտեղ կանցկացնի մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը, օգնությունը Թուրքիային և Սիրիայի ժողովրդին: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։

Պետքարտուղարի հաջորդ կանգառը կլինի Անկարան, որտեղ նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և թուրք բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Էնթոնի Բլինքենը կքննարկի «ավերիչ երկրաշարժերից հետո ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային և թուրք ժողովրդին, ինչպես նաև Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակցի, գործընկերությունն ավելի ամրապնդելու ուղիները»:

Աթենքում պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի և ընդդիմության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասի հետ՝ քննարկելու պաշտպանական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու ընդհանուր հանձնառությունը:

Մյունխենի Անվտանգության համաժողովը բացվում է վաղը և կտևի մինչև փետրվարի 19-ը: