Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրությունն առանց մրցույթի պատվիրել է իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսին»։ Այս ընկերությանը պետական բյուջեից մեկ տարվա ընթացքում կվճարվի մոտ կես միլիոն դոլար։
Ինչո՞ւ են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի հետ կապ ունեցող ընկերությանը նախապատվություն տվել՝ այն էլ առանց բաց մրցույթի, «Ազատության» հարցերին ի պատասխան նախարարությունից ընդամենը վկայակոչել են կառավարության մի որոշում, որն առնչվում է մեկ անձից գնմանը։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նախարարության այս պարզաբանումն անլուրջ է համարում՝ ընդգծելով, այս դեպքում պետք է լիներ կառավարության առանձին որոշում՝ իր հիմնավորումներով։
«Եթե մոնոպոլիայի խնդիր չկա և այլն, պետք է լիներ համապատասխան որոշում կառավարության, որպեսզի ասվեր, որ թույլատրվում է: Թե ինչի են այդպես արել, դա արդեն այլ հարց է», - նշեց Հոկտանյանը:
Նախարարությունից պարզաբանում են միայն, թե դեկտեմբերին և հունվարին պայմանագրեր են կնքել հենց «Սիլ Ինշուրանսի» հետ՝ հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի սահմանած պահանջներն ու նվազագույն սակագները», իսկ թե որո՞նք են այդ պահանջները՝ չի պարզաբանվում։ Կոռուպցիոն ռիսկը հենց սա է, ասում է փորձագետը:
«Մեկ անձից գնումն ընդհանրապես պոստուլադ է, այսպես ասած, ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, որ այդպիսի դեպքը կոռուպցիոն ռիսկ է համարվում», - նշեց Հոկտանյանը:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, մինչ պայմանագրերը կնքելը, հարցումներ են արել շուկայի մյուս ընկերություններից, որոնց առաջարկած գներն ավելի բարձր են եղել, քան՝ Սուքիասյանների առաջարկածը։ Թե ի՞նչ գներ են առաջարկել մյուս ապահովագրական ընկերությունները, նախարարությունը չի մանրամասնում։
Վարուժան Հոկտանյանը շեշտում է՝ մեկ անձից գնումները պետք է կատարվեն միայն հրատապ և կոնկրետ դեպքերում: Մասնագետը կարծում է՝ եթե լիներ մրցույթ, պատկերը գուցեև նույնը լիներ՝ ընտրվեր հենց իշխանության թիմակցի ընտանիքի ընկերությունը, բայց այս դեպքում գուցեև մրցույթին հետևեին մյուս մասնակիցների բողոքները:
«Այլևս ես չեմ կարող վստահել, որ իրենք իսկապես հարցում են կատարել: Կա գնման ևս մեկ ընթացակարգ, կարող էին այդ ընթացակարգով անեին, էլ չեմ ասում, որ հնարավոր է նաև բաց մրցույթ անցկացնել, որովհետև, ի վերջո, նույն գնումների մասին օրենքն ասում է, որ գնումների նախընտրելի ձևը բաց մրցույթն է», - ընդգծեց Հոկտանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԻ. Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը նահանջել էՎերջերս հայտնի դարձավ, որ կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանն անցած տարի երեք կետով հետընթաց է գրանցել, ընդ որում՝ պատճառների թվում էին նաև պետական խնդրահարույց գնումները։
«Կոռուպցիայի ընկալման համաթվի նվազումը հենց այսպիսի բաներից էլ է գալիս, երբ որ մարդիկ ուղղակի տեսնում են այդ կոռուպցիոն ռիսկերը», - նշել է Հոկտանյանը:
Մեկ անձից գնումները հանգեցնում են պետական միջոցների ոչ թափանցիկ ու անհավասար բաշխման. փորձագետ
Կոռուպցիոն ոլորտի փորձագետ, փաստաբան Հայկ Մարտիրոսյանն ընդգծում է՝ մեկ անձից գնումները խնդրահարույց են, եթե շուկան մոնոպոլ չէ կամ էլ եթե կա ժամանակի խնդիր։ Ակնհայտ է, որ ավտոմեքենաներ ունեցող ոստիկանությունում գիտեին, որ դրանք պետք է ապահովագրել, շուկայում էլ վեց ընկերություն է գործում։
«Նախնական ուսումնասիրության շրջանակներում կարող էին այս հանգամանքները պարզվել և պայմանագրերի գնումը մրցույթի դրվել: Այս առումով, բնական է, որ դժվար է ենթադրել, որ ժամկետն է եղել պատճառը, որ մեկ անձից է կատարվել գնումը», - նշեց Մարտիրոսյանը:
Գերմանական GTAI ներդրումային ընկերության կոռուպցիոն գծով խորհրդատուն ասում է՝ մեկ անձից գնումները հանգեցնում են պետական միջոցների ոչ թափանցիկ ու անհավասար բաշխման։ Պետական բյուջեից խոշոր գումար ուղղելը մասնավորին չպետք է արվեր միմիայն հարցումների միջոցով:
«Այլ է խնդիրը, որ ընկերությունների, որոնցից հարցումներ են արել, գնային քաղաքականությունը կարող էր փոխվել, ոչ միայն գնային քաղաքականությունը, նրանք կարող էին առաջարկել, օրինակ, այլ պայմաններ, որոնց պայմաններում գինը, ճիշտ է, կարող էր մի փոքր բարձր լիներ, բայց այդ պայմանների պարագայում, ըստ էության, ավելի ձեռնտու լիներ պետությանը», - ասաց փաստաբանը:
Փորձագետի խոսքով, մեկ անձից գնումները հակասում են Սահմանադրությանը, որտեղ ընդգծվում է ազատ տնտեսական մրցակցության կարևորության մասին, մինչդեռ Հայաստանում վերջերս շատացել են հենց այս ճանապարհով գնումները, որոնք հանրության կասկածները խորացնում են։
Մասնագետներն ասում են, որ կառավարությունը պետք է ազնիվ լինի ու սպառիչ պարզաբանումներ տա, թե որն է «Սիլ ինշուրանսի» առավելությունը. ցածր գնից բացի որակով ևս տարբերվո՞ւմ է։
Իշխանական պատգամավոր Սուքիասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նրա ընտանիքին պատկանող ընկերությանը փոխանցվելիք ավելի քան կես միլիոն դոլարով ապահովագրվելու են պարեկային ծառայության, ոստիկանության շուրջ 2.000 ավտոմեքենաները։