Իլհամ Ալիևը և Իգոր Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ ԱԳՆ բանագնաց Իգոր Խովաևի հետ, Բաքու, 14 փետրվարի, 2023թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գերատեսչության հատուկ պատվիրակ Իգոր Խովաևին:

Հանդիպման ընթացքում, ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության, քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին և բարձր են գնահատել դրանք:

«Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների մասին, նախագահ Ալիևն ընդգծել է, որ համագործակցությունը տարբեր բնագավառներում հաջողությամբ է զարգանում»,- ասվում է նախագահի նստավայրի տարածած հաղորդագրությունում:

Խովաևն Ադրբեջանի ղեկավարին տեղեկություններ է փոխանցել տարածաշրջան կատարած այցի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պատրաստմանն ուղղված Ռուսաստանի ջանքերի մասին:

Անցած շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 9-ին և 10-ին, Իգոր Խովաևն այցելել է Երևան, որտեղ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: