Բյուրեղավանցի տղամարդը շուրջ տասը տարի փախստական կնոջը ստիպել է մուրացկանություն անել

«Օգնեք հիվանդ կնոջը, օգնեք դեղ գնեմ». այս մշտական տեքստով նա ավելի քան տասը տարի փող է մուրում կենտրոնական փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, հյուրանոցների մոտ։ Տիկին Սվետլանայի դեմքը Երևանում գրեթե բոլորին է ծանոթ։

«Էս մին ամիս, ամսուկես 80 հազար եմ հավաքալ, հա, հա, ամեն օր, հա, տուրիստներ են տվել։ Եդնան էլ քաղաքում ամեն օր շրջել եմ, էլի 30-40 հազար ա իլալ։ Էլի դավոլնի չի իլալ, թակելիս ա իլալ, ծեծելիս ա իլալ» - ասում է նա։

Միայն հիմա է խոստովանում, որ տասնյակ հազարավոր դրամները, որ մուրացել է ամեն օր, մի տղամարդու է տվել։

Բյուրեղավանցի այդ տղամարդը մի քանի օր է, կալանավորված է ու մեղադրյալ՝ 14 տարի շարունակ այս կնոջը աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար։

«66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ», - տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Ինչպե՞ս է տեղի ունեցել

Տիկին Սվետան փախստական է Բաքվից։ Պատմում է, որ ծնողները բժիշկներ էին, ինքն էլ Բաքվի Նարիմանովի անվան բժշկական համալսարանն է ավարտել։ Բայց այնպես ստացվեց, որ Երևանում մանր-մունր առևտրով էր զբաղվում, որ տան վարձ տան։ Այդպիսի մի վարձով տանն էլ հանդիպել է այդ տղամարդուն։ Նա տիկին Սվետայի մոր գերեզմանին ինչ-որ շինաշխատանք է կատարել, 3 հազար դոլար է ուզել։

Կինը, բնականաբար, չի ունեցել, ու սկսվել է. - « Ասում ա՝ հունց օզում ես, գնա ճարի էդ փողը, ինձ տու։ Ինձ տարալ ա մաշինով ստեղ-ընդեղ, ես քյացալ եմ մուրացկանություն ըրալ ժողովրդից։ Էդ փողը, ամեն օր 35-40 հազար, բերել եմ, տվալ եմ իրան։ Համա ասում ա՝ չես թամամել»։

Ամեն օր մինչև 80 հազար դրամ է մուրացել, իսկ 3 հազար դոլարը ավելի քան տասը տարի է չի փակվում։ Քննչական կոմիտեն այդ տղամարդու տնից հայտնաբերել է ավելի քան 70 հազար դոլար ու մեկ միլիոն 300 հազար դրամի չափով մետաղադրամներ՝ առանձին պարկերով։

«Ստոլի վրա դրել եմ կուխնիում, թափել, ու իրանք հաշվել են... Որ ասում ա բռնել են, դա իմ փողս իլալ, չի կրացալ փոխե», - ասում է Սվետլանան։

Տիկին Սվետան Բյուրեղավանում այդ տղամարդու ու նրա կնոջ տանն է քնել, պատշգամբում։ Բայց, ասում է, «իրենցից բացի ինձ ոչ ոք չի տեսել այդտեղ»։ Առավոտյան 6.30-ին կնոջը քաղաք են բերել, կեսգիշերին՝ հետ տարել։ Պատմում է, որ պարբերաբար ծեծել են քիչ փող հավաքելու համար. - «Թխել ա, գլուխս ջարդել... Ես թաքցրել եմ, ես եմ մեղավոր»։

Հանձնարարել է նստարաններին հանկարծ չնստել, հանկարծ տաք թեյ չխմել , սառնամանիքին էլ՝ «գլուխդ չփակես, որ չթմրես, աշխույժ մուրաս»... հրահանգել են անընդհատ քայլել ու մուրալ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, տղամարդը յուրացրել է նաև այս կնոջ կենսաթոշակը։ Հենց այդ նպատակով էլ նրան հաշվառել է Բյուրեղավանի իր տանը։ Փախուստի բոլոր փորձերն ավարտվել են անհաջողությամբ, ընտանիքը նրան միշտ գտել է ու ծեծով վերադարձրել. - «Վախալ եմ... ինձ ուգրաժատ ընելիս ա իլալ, մի անգամ «խփելու եմ քեզ սպանեմ», ասում ա...»

Այժմ տիկին Սվետան անօթևանների կացարանում է։ Այս անգամ ոչ թե փախել է, այլ առողջությունն է վատացել, ու մնացել է քաղաքի կենտրոնից հեռու մի շենքի բակում, մարդիկ էլ ահազանգել են ոստիկանություն. - «Սկոռի են կանչալ, բան են կանչալ, փող են տվալ, պանիր են տվալ...»

Հիմա ապահով տեղում է, տղամարդը կալանավորված է, բայց սարսափը չի անցնում. - «Էս սհաթիս էլ վախում եմ դրանից»։

Թրաֆիքինգի հոդվածով հարուցված այս քրեկաան գործն այժմ նախաքննության փուլում է։ Սոցապ նախարարությունից տեղեկացանք, որ առաջիկայում կքննարկվի կնոջը թրաֆիքինգի զոհի կարգավիճակ տալ-չտալու հարցը։

«Առավոտյան հենց արդեն էդ լուրը ստացանք, ցավոք սրտի, մեր գործընկեր կազմակերպության հետ կապ հաստատեցինք, իրենց սոցիալական աշխատողի հետ և խնդրեցինք, որ սոցիալական աշխատողը հանդիպի քաղաքացու հետ, գնահատի իրավիճակը մեր աջակցության տեսանկյունից», - «Ազատությանը» փոխանցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կնոջ հետ սոցիալ-հոգեբանական աշխատանք կտարվի։

Թրաֆիքինգի զոհերի համար պետությունը նաև 250 հազար դրամ միանվագ գումար է նախատեսում

«Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ», - արձանագրվել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության թրաֆիքինգի 2022-ի զեկույցում։ Դրական է համարվում այն, որ 2014 թվականից ի վեր առաջին անգամ դատարանի կողմից աշխատանքային թրաֆիքինգի գործով դատապարտում է եղել։

Զեկույցում, սակայն, ընդգծվում են մի շարք համակարգային խնդիրներ՝ ցուցմունք տվող անձի գաղտնիությունը չի ապահովվում, դատարանում զոհերը կանգնում են թրաֆիքինգ իրականացնողների առջև։

Այնուամենայնիվ, եթե 2021 թվականին որպես թրաֆիքինգի զոհ 31 հոգի է նույնականացվել, ապա նախորդ տարի՝ ընդամենը 6։ Սա, ըստ սոցապ նախարարության, ոչ թե դեպքերի կտրուկ նվազման, այլ դրանց բացահայտման տեմպի նվազման մասին է խոսում։

Սվետլանա Դանիելյանը հիմա վստահ է, որ եթե չստիպեն, փողոց չի վերադառնա։ Կստանա իր թոշակը, որը չգիտի էլ որքան է, ու կփորձի ապրել։ Միայն թե, ասում է, մորս նկարները Բյուրեղավանի այդ պատշգամբում մնացին։