Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս:
Այդ երկրի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանը Բայրամովն անդրադարձել է տարածաշրջանում ետպատերազմյան շրջանում տիրող իրավիճակին, խաղաղության, անվտանգության և համագործակցության հաստատման ուղղությամբ «Ադրբեջանի նախաձեռնություններին», ասված է պաշտոնական Բաքվի հաղորդագրության մեջ։ Նա հայտարարել է, որ չնայած այդ ջանքերին, «Հայաստանը շարունակում է սադրանքներ կազմակերպել և խարխլել գործընթացը»։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք այլ երկկողմ հանդիպումներ ևս:
Բացի այդ, քանի որ Ադրբեջանը ներկայումս նախագահում է Չմիացման շարժման կազմակերպությունը, Բայրամովն այդ կարգավիճակում կմասնակցի Արաբական երկրների լիգայի միջազգային համաժողովում, որի օրակարգում աջակցությունն է Երուսաղեմին և այդ քաղաքի բնակիչներին։