Ավստրիական բանակը դադարեցնում է փրկարարական աշխատանքները թուրքական Անթաքյա քաղաքում։ Reuters-ի փոխանցմամբ` այս մասին այսօր Twitter-ում արված գրառմամբ հայտնել է Ավստրիայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը։
Ավստրիացի զինվորականների պնդմամբ` այս որոշումը կայացվել է՝ «աղետի գոտում անվտանգային իրավիճակի վատթարացման պատճառով»։
Ավստրիայի Պաշտպանության նախարարության խոսնակ Միխայել Բաուերի խոսքով` ավստրիական բանակի փրկարարական ստորաբաժանումները կրկին կմիանան որոնողական աշխատանքներին, երբ՝ «աշխատանքային միջավայրը բարելավվի»։
Ավելի վաղ AFP գործակալությունը տեղեկացրել էր, որ Անթաքյայում բախումներ են տեղի ունեցել անհայտ խմբերի միջև։ Ավստրիան 82 հոգանոց փրկարարական ջոկատ էր ուղարկել Թուրքիա։ Ավստրիացի փրկարարներին վերջին երեք օրերին հաջողվել էր փլատակներից 9 ողջ մարդ դուրս բերել։