Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ենթականերին հանձնարարել է՝ «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ», հաղորդում է ադրբեջանական АPA գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցության ընթացքում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, առկա օպերատիվ պայմանները», - նշված է հաղորդագրության մեջ։

АPA-ի փոխանցմամբ՝ խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին տիրող կացությանը, քննարկել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտունակության վերջին ստուգումների արդյունքները։

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության բոլոր փոխնախարարները, զորատեսակների և կորպուսների հրամանատարները։