Ըստ փաստաբանների, կան հիմքեր, որ ԱԺ-ը դիմի ՍԴ՝ պահանջելով դադարեցնել Սեդա Սաֆարյանի գործունեությունը

Փաստաբաններն այսօր նոր ապացույցներ հրապարակեցին, որոնք, նրանց համոզմամբ, վկայում են՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նորընտիր դատավոր Սեդա Սաֆարյանը պետք է պաշտոնանկ արվի։

Ըստ այդ տվյալների, Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց հետո՝ ավելի քան մեկ ամիս, Սաֆարյանը պետռեգիստրում ունեցել է անհատ ձեռներեցի կարգավիճակ, ինչն անհամատեղելի է դատավորի գործունեության հետ։

«Սա հենց այն քաղվածքն է ստացված պետական ռեգիստրից, որն ունի ընդհանուր բազային տեղեկատվություն որպես անհատ ձեռնարկատեր Սեդա Սաֆարյան Սերյոժայի տվյալների մասին, որով նա իրականացրել է իր փաստաբանական հատուցելի գործունեությունը օրենքի համապատասխան լինելու համար: Օրինակ՝ հարկ վճարելու, հաշվառվելու, պետական մարմինների հետ հարաբերվելու համար արդեն որպես ոչ թե փաստաբան, այլ որպես ձեռնարկատեր, որպես շահույթ հետապնդող անձ», - ներկայացրեց փաստաբան Սոս Հակոբյանը:

Սահմանադրականի նորընտիր դատավորը քննադատության թիրախում հայտնվեց շաբաթներ առաջ, երբ համացանցում հայտնվեց դեկտեմբերի 28-ով թվագրված վերաքննիչ մի բողոք՝ հենց նրա՝ Սեդա Սաֆարյանի ստորագրությամբ։ Այդ ժամանակ Սաֆարյանն արդեն ստանձնել էր Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ինչից հետո, ըստ օրենքի, իրավունք չուներ զբաղվել փաստաբանությամբ։

Ինքը՝ Սաֆարյանը, չի հերքում, որ այդ դիմումն իսկական է, ստորագրությունն էլ՝ իրենը։ Պատճառաբանում է, թե այդ օրը ընդամենը խմբագրել, և նորից է ներկայացրել միջնորդությունը, որը գրել էր փաստաբան եղած ժամանակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաֆարյանը չի մեկնաբանում տեղեկությունները, որ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո շարունակել է փաստաբանական գործունեությունը

«Դեկտեմբերի 5-ին բերված բողոքը հետ է վերադարձվել՝ պատճառաբանությամբ, որ պակասում է ինչ-որ փաստաթուղթ, դա դրվել է, հետ է ուղարկվել, դա նոր բողոք չի եղել, դեկտեմբերի 5-ի բողոք է», - նշեց Սաֆարյանը:

Ընդդիմախոսները հակադարձում են՝ անկախ պատճառաբանություններից՝ բարձրագույն ատյանի դատավորը պարտավոր է խստագույնս հետևել օրենքի տառին։ Նրանց համոզմամբ, կան բոլոր հիմքերը, որ Ազգային ժողովը դիմի բարձր դատարան՝ պահանջելով դադարեցնել դատավորի գործունեությունը։ Արսեն Բաբայանը պնդում է՝ եթե դատավորը զբաղվեր քաղաքացու շահերը դատարանում ներկայացնելով միայն՝ առանց ձեռնարկատիրության, ապա հարցը կարող էր փակվել միայն նկատողությամբ։ Սա, սակայն, այդ դեպքը չէ:

«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգապահական կանոնի համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում՝ անհատույց հիմունքներով», - ասաց Բաբայանը:

Սահմանադրական դատարանը, սակայն, արդեն մեկ ամիս է՝ այս փաստերին որևէ կերպ չի արձագանքել։ Բարձրագույն ատյանից չեն մանրամասնում՝ պատրաստվում են արդյոք քննել նորընտիր դատավորի հասցեին հնչող մեղադրանքները, կամ՝ նրա դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել։ Առայժմ լուռ է նաև խորհրդարանը։

Փաստաբանները, սակայն, պատրաստվում են հաջորդ շաբաթ այս փաստերն ուղարկել Ազգային ժողով, որն էլ ընտրել է Սաֆարյանին ՍԴ-ի դատավոր։ Հիմա, եթե հավաքվի 65 կողմ ձայն, խորհրդարանը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ նույն դատավորի պաշտոնանկության հարցը քննարկելու համար։