Արցախի նախագահն ու պետնախարարը բլոկադան ճեղքել ու Մոսկվա են գնացել՝ երկու օր է պտտվում է այս տեղեկատվությունը, առանց հերքման կամ հաստատման:
«Մամուլում եղած այդ բովանդակությամբ լուրերը չենք մեկնաբանում», - ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Արցախի նախագահի մամլո խոսնակը տեղեկությունը չի մեկնաբանում, կառավարության լրատվականը նույնպես։ Նկատենք, որ թե՛ Արայիկ Հարությունյանի ու թե՛ պետնախարարի լրատվականները չեն էլ հերքում: Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ Արայիկ Հարությունյանն արդեն գնացել- եկել է, իսկ Ռուբեն Վարդանյանը դեռ Մոսկվայում է:
Թե ի՞նչ ճանապարհով, Պետրոսյանը պատասխանեց. «Միգուցե ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչով է դուրս եկել, հստակ չեմ կարող ասել, բայց որ այստեղ չի գտնվում, դա իրականություն է»:
Նախագահ-պետնախարար խմորումներ են, ըստ Պետրոսյանի, հենց դա էլ նրանց ոչ միասին, այլ հերթով տարել է Մոսկվա:
«Մենամարտ է գնում, այսպես ասեմ, Արայիկ Հարությունյանը, որ գնաց-եկավ, ինքը ակտիվ տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է անցկացնում և այդ ամբողջ հանդիպումները միտված են նրան, որպեսզի Ռուբենին հանեն այստեղից», - ընդգծեց նա:
Տիգրան Պետրոսյանն ասում է՝ այժմ էլ Հարությունյանի թիմակիցները լուրեր են տարածում, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ չի վերադառնալու, կա՛մ վերադառնալու է հրաժարականի թուղթը ձեռքին. - «Տեղեկություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ էլ է հանդիպել ու տեղեկություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է դեմ Ռուբեն Վարդանյանին»:
Վերջին շաբաթներին Հայաստանի վարչապետը Արցախի նախագահին ընդունե՞լ է, կառավարության լրատվականից այս հարցի պատասխանն ստանալ չհաջողվեց։ Արայիկ Հարությունյանի թիմակիցներից արցախցի խորհրդարանական Արամ Հարությունյանը նախագահի տեղաշարժի մասին խոսել չցանկացավ, բայց վստահեցրեց՝ նախագահ- պետնախարար որևէ հակադրություն, պայքար, թշնամանք չկա:
«Ես կարծում եմ՝ սա շահարկում է, որովհետև Ռուբեն Վարդանյանին Արցախում պաշտոն զբաղեցնելու առաջարկ է արել Արայիկ Հարությունյանը: Որևէ ներքին հակադրություն գոյություն չունի, կարող է ինչ-որ մոդելների մեջ տարբեր մոտեցումներ ունենան նախագահն ու Ռուբեն Վարդանյանը, բայց հակադրություն առհասարակ, որը կարող է թշնամանքի կամ ինչ-որ պայքարի վերածվել, միանշանակ չկա», - նշեց Արամ Հարությունյանը:
Երեք օր առաջ Արայիկ Հարությունյանը իրավապահների հետ էր հանդիպել, նրանց հանձնարարել իրավական գնահատական տալ Արցախում ներքին անկայունություն հրահրողներին. - «Ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ»:
Ովքե՞ր են հրահրում, պատգամավոր Հարությունյանն ասում է՝ արտախորհրդարանական խմբեր են, որ Արցախի այս դժվար օրերում մեղավորներ են փնտրում, այնինչ մեղավորը մեկն է Ադրբեջանը. - «Գեներացնում են թեզեր, թե ինչ-որ գումարներ են յուրացվում, թե ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ կան, փորձելով հանրության մեջ անվստահություն ձևավորել»:
Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը հակառակն է պնդում. - «Արայիկ Հարությունյանը հիմա զբաղված է հանրության պառակտմամբ: Տարիներ շարունակ այդ գործով է զբաղված»:
Ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը վստահ է՝ նախագահ-պետնախարար սրացման պատճառը՝ երկրի ապագայի վերաբերյալ տարակարծությունները չեն, փողն է, ասում է՝ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստուգումներ են իրականացվել Արցախի ներդրումային ու գյուղաջակցության հիմնադրամներում, բացահայտվել միլիոնավոր գումարների չարաշահումներ:
«Առանց Արայիկ Հարությունյանի այնտեղ մեծ գումար չի շարժվում, բոլոր այդ մեծ վարկերը ուղիղ Արայիկ Հարությունյանի ցուցումով էին տալիս մարդկանց», - նշեց նա:
Իսկ Արցախի նախագահը՝ նույն իրավապահների հետ հանդիպման ժամանակ նրանց հանձնարարեց երկու հիմնադրամների գումարները փոշիացրած անձանց գտնել, պետությանը պատճառած վնասը վերականգնել. ասաց՝ անձամբ է վերահսկելու գործընթացը:
«Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ պաշտոնյա կամ պետական մարմին, ով կարող է խոչընդոտել պետությանը պատճառված վնասները վերականգնելու, հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործին», - հայտարարել է Արցախի նախագահը:
Կրկես է՝ այս ելույթին հետևել ու գնահատում է Պետրոսյանը, արցախցիների մի խմբով սպասում են Վարդանյանի վերադարձին, եթե հրաժարականով եկավ, ասաց՝ դիմելու են կոշտ միջոցների։ Պաշարված Արցախում պետնախարարի ու նախագահի հրաժարականի լուրեր էլի են եղել, լուրերին առայժմ ոչինչ չի հետևել։