Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետ Ալեսանդրո Ամատոն ենթադրում է, որ փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Անատոլիական սալը 10-ը մետրով տեղաշարժվել է:
«Սեյսմիկ իրավիճակը Թուրքիայում և Սիրիայում կրիտիկական է մնում: Երկրաշարժն Անատոլիական սալով տարածվել է 100 կիլոմետր արևելքի և արևմուտքի ուղղությամբ, դա հանգեցրել է Անատոլիական սալի 10-ը մետրի հասնող տեղաշարժի»,- ասել է գիտնականը Corriere della Sera օրաթերթին:
«Անատոլիական սալն Արաբական սալի համեմատությամբ տարեկան տեղաշարժվում է 2 սանտիմետրով, և այդ գործող ուժերը նպաստում են էներգիայի կուտակման: Մենք փորձում ենք տեսական մոդելավորմամբ հետազոտել այդ միտումը: Վերջին շրջանում մեզ օգնում են պատմական տվյալների ուսումնասիրությունները, նոր սարքերով, մասնավորապես՝ արբանյակներով, հողի դեֆորմացման հետազոտությունները, մենք ավելի շատ տվյալներ ենք ստացել»,- ասել է իտալացի գիտնականը:
Միաժամանակ նա խոստովանել է, որ այսօրվա դրությամբ դեռ հնարավոր չէ հստակ գուշակել երկրաշարժերի կոնկրետ ժամանակը: