Հրդեհից զոհված զինվորների հարազատները չեն հավատում քրգործի քննությանը, սեփական հետաքննությունն են սկսում

Ուրցաձորցի Տարոն Ղարիբյանը 20 օրից պետք է ավարտեր զինծառայությունն ու տուն գար: Նրա հայրը տոնական պատրաստության փոխարեն արդարադատություն է փնտրում. Տարոնը Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից է:

«Սիրտս ցավում է, բայց ճիշտ եմ, ես ճիշտն եմ ուզում, որ իմանանք՝ ինչի համար է սենց եղել», - ասում է Սեդրակ Ղարիբյանը:

Ծնողները չեն վստահում քրեական գործի քննությանը, չեն հավատում պաշտոնյաների հակասական հայտարարություններին և իրենց փաստաբանի հետ սեփական հետաքննությունն են սկսում:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ունեն խորը անվստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում՝ իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը», - ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Զոհված 15 զինծառայողներից 13 -ի ծնողների ներկայացուցիչը փաստաբան Նորիկյանն է, պնդում է՝ ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն հավատում պաշտոնական վարկածին, դրա համար կան մի շարք հիմքեր՝ նախ դեպքից ժամեր անց վարչապետ Փաշինյանը կառավարության նիստը արտակարգ դատարանի վերածեց ու այդտեղ ներկայացրեց ողբերգական հրդեհի հիմնական վարկածը՝ սպան բենզինը լցրել է կրակի վրա, հրդեհ է բռնկվել, մահացել է 15 հոգի, հետո արձանագրեցին՝ հակահրդեհային կանոններ այդտեղ չեն գործել:

«Իսկ ընդհանրապես այդ վայրում որևէ կանոն գործե՞լ է, որ մի հատ էլ հրդեհային անվտանգության կանոնները չեն գործել», - հարցնում է փաստաբանը:


Հետո, ըստ Նորիկյանի, հանրության զայրույթը մեղմելու համար պաշտոնանկություններ եղան, բացի կորպուսի հրամանատարի ազատումից, մնացածներինն անօրինական էր, վստահ է: Հետո էլ փրկարար ծառայության գնդապետն ու զինվորական դատախազության դատախազն սկսեցին տարբերվող հայտարարություններ անել՝ մեկը՝ թե տղաները քնած են մահացել, մահաճակալների վրա, մյուսը՝ թե նրանց մարմինները ննջարանի տարբեր հատվածներում են եղել:

«Ստացվում է, որ հանրությանը տրամադրվել է կամ տրամադրվում է խեղաթյուրված ու փաստորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն», - նշեց նա:

Այս շիլաշփոթը խորացնում է ծնողների կասկածները, շեշտում է փաստաբանը։ Դեպքից հետո քննիչներ չե՞ն եղել դեպքի վայրում, լուսանկարներ չկան, հարցնո՞ւմ է Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը. «Ինչի՞ ես պիտի հավատամ մեկին, որ ասում է՝ կռավաթի վրա, մյուս օրը՝ չէ, կռավաթի վրա չի եղել, ոչ նրան կհավատամ, ոչ նրան, փաստ»:

Ծնողների մի մասը պնդում է՝ իրենց տղաների մարմինները դիահերձարանում քնած դիրքով են տեսել։ Արման Բարսեղյանը որդուն ծառայության էր ուղարկել Գերմանիայից, տղայի մարմինը հրդեհից հետո չի տեսել. «Ես ուժ չեմ գտել իր մեջ իրեն տեսնելու, ես ուզեցել եմ՝ իմ երեխուն ոնց պատկերացրել եմ, ինքն այդպես մնա իմ հիշողության մեջ, բայց իմ եղբայրն է տեսել, իմ փեսան, բայց բոլոր երեխաներին գլխի այրում է, բոլորին»:


Գագիկի հայրը զրուցել է հրդեհից փրկված տղաների հետ, շեշտում է՝ ուրախ եմ, որ փրկվել են, բայց տարբեր բաներ են ասում. «Մեկի ցուցմունքով դուռը փակ է եղել, մեկի ցուցմունքով դուռը բաց է եղել: Մեկը ձայներ է լսել, վազվզոց, իսկ մեկը զգացել է, որ ինքը մենակ է այնտեղ, ձայն չի լսել: Կասկածելի չի՞»:

Ծնողները չեն հավատում, որ իրենց տղաները հրդեհից են մահացել, հրդեհից առաջ կամ անգիտակացից են եղել, կամ արդեն մահացած, թե չէ՞ ինչու ննջարանից դուրս փախչելու փորձ չեն արել, այստեղ էլ նրանց չարչարում է մեկ այլ հարց՝ ի՞նչ է նախորդել հրդեհին՝ կրակի վրա բենզին լցրած սպայի հետ կոնֆլիկտի մասին մի ծնող է խոսել, մեկ այլ սպայի հետ ունեցած կռվի մասին Գաբրիել Կիրակոսյանն է խոսում, որդուց է լսել. «Կոնֆլիկտի մասին խոսք է եղել, ազգանունը չեմ կարող ասել, Գոռ, իրենց դասակի հրամանատարի հետ տղերքից երկուսը կոնֆլիկտ են ունեցել»:

Կոնֆլիկտն էլ, ըստ զինծառայողի հոր, ծագել է այն բանից հետո, երբ ռազմական ոստիկանությունը զինվորների այդ կացարան ստուգման է եկել, հրդեհից օրեր առաջ ու ինչ-որ անթույլատրելի իրեր գտել այդտեղ: Հրդեհն ու այս կոնֆլիկտները կապ ունեն, թե ոչ, փաստաբան Նորիկյանն ասում է՝ քննությունն այս ու մի շարք այլ հարցերի պիտի պատասխանի:

Քրեական այս գործով առայժմ երեք մեղադրյալներ են՝ կապիտանն ու հակահրդեհային միջոցների պատասխանատու երկու զինվորականներ: Նորիկյանին հետաքրքրում է նաև հարցը, թե ով է այն պաշտոնյան, որի որոշմամբ զինվորները բնակություն են հաստատել Ազատ գյուղի այդ կացարանում: Ծնողները պատմում են՝ տղաներն իրենք են կարգի բերել, բնակելի դարձրել այն:

«Ունեցել են տուն, եղել են ապահովված ամեն ինչով, ամեն ինչով, և չեն պահպանվել այն կանոնները, որի մասին ես խոսեցի», - դեպքի մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա այս նախադասությունն է զինվորների հարազատներին զայրացրել:

«Սուտ է, - ասում է վանաձորցի Արամ Մանուկյանի պապը, - ինքը եղե՞լ է այնտեղ: Գոնե կարո՞ղ է երկու օր այդ տարածքում ապրի, 25 քառակուսու մեջ 22 ծառայող ե՞ն պահում»:

Ազատի կացարանում որդիներին կորցրած ծնողներն ասում են՝ իրենք բոլորով մեկ մարդ են արդար քննության ու մեղավորին գտնելու պայքարում, պետք լինի, գնալու են կրկնակի փորձաքննությունների, պետք լինի, արտաշիրման»

«Մեր թանկերին ենք կորցրել, պատժվելու են», - խոստանում է Արման Բարսեղյանը։

Քրեական այս գործը քննվում է պաշտոնեական անփութության ու վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոները խախտելու հոդվածներով, վաղվանից Քննչական կոմիտեն հարցաքննության կհրավիրի նաև զոհված զինծառայողների ծնողներին։