Պաշտոնական հերթական պնդումները նորից տակնուվրա են արել Ազատի զորանոցում մահացած զինվորների հարազատներին։ Զինդատախազը երեկ Հանրայինի հեռուստաեթերում հերքեց ավելի քան երկու շաբաթ պտտվող պաշտոնական վարկածը, որ 15 զինվորներից 14-ը երկհարկանի մահճակալներին քնած են մահացել։
«15 մահացած զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ 1 մահացած զինծառայողի դին հայտնաբերվել է նախասրահում՝ ննջարանի մուտքի դիմաց», - ասել է նա:
Վարկածը, թե 15 զինծառայողներից 14-ը հրդեհից չեն արթնացել, հայտնաբերվել են մահճակալների վրա, դեպքից մեկ օր անց փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալն էր առաջ քաշել՝ դարձյալ Հանրայինի եթերում։
«Ծխահարված, չեն արթնացել ուղղակի, այո, իրենք վեր չեն կացել», - այդ օրերին ասել էր նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինվորների հարազատներն այցելել էին դեպքի վայր՝ մի շարք անպատասխան հարցերովԵրեկ արդեն զինդատախազության քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը հրապարակել է փրկարար ծառայության պաշտոնյայի նախկին պնդումները հերքող ցուցմունքը, թե դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, բայց ոչ մահճակալների վրա. «Խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած աշխատակիցների հետ, և վերջիններիս կողմից իրեն փոխանցված բանավոր տեղեկություններն այլ կերպ է ընկալել»:
«Ես քացով կխբեմ, էս ռեշոտկեն կպոկվի, կընկնի: Բա ի՞նչ կլինի, ո՞նց կարող է ասենք՝ 15 գիգանտ երեխա չկարողանան սենց հանեն», - հարցնում են հարազատները:
Հրդեհի զոհ դարձած զինվորներից վանաձորցի Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը բազմիցս եղել է Ազատ գյուղի զինանոցում թե՛ դեպքից առաջ ու թե՛ հետո։ Սրտնեղած է հրդեհից 17 օր անց զինդատախազի արած հայտարարությունից։ Ինչպե՞ս է պատահել, որ պաշտոնական տվյալներով Հանրային հեռուստաընկերություն եկած պաշտոնյան սխալ տեղեկություններ է տվել։ Այդ ինչպե՞ս եղավ, որ այս բոլոր օրերին քննություն իրականացնող մարմիններն այս հայտարարությունը կասկածի տակ չառան, չհերքեցին։ Պնդում է՝ անձամբ եղել է դիահերձարանում՝ անզեն աչքով տեսանելի էր՝ տղաները մահացել էին քնած դիրքով։
«Իմ մոտիկ մարդը, էնդեղ է գտնվել ժամը 1:33, հարցրել է Արամին, ցույց են տվել, ինքը հրշեջների հետ էդ պառկած վիճակում իմ Արամի դուրս է հանել դին ու մնացածներին: Նրանց բերել են, մորգում հերթականությամբ դրել են, հերթականությամբ էլ արդեն գիտեն՝ ով ով է, գրեցին անունները ու հասցեն…», - ասում է նա:
Մինչ այս զինվորների քնած չլինելու մասին միայն հրդեհից վիրավորում ստացած Գարուշ Սարգսյանն էր ասել։ Նրան հաջողվել էր ճաղավանդակների արանքից դուրս գալ դրսում մնացած զինակիցների օգնությամբ։
«Խառը իրավիճակ էր, հիշում եմ՝ մարդիկ կային, մեկը փորձում էր էդ դուռը ջարդել, որ ես փորձեցի, չկարողացա ջարդել։ Չեմ նկատել այդ պահին մարդ, որ պառկած լիներ, չեմ հիշում մարդ էդ պահին, որ տեսել եմ, որ ասենք պառկած է եղել», - նշել էր նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 զինվորների դիերի նույնականացումն ավարտվել է․ ՔԿ խոսնակԴեպքից ավելի քան երկու շաբաթ անց զինդատախազության պաշտոնյան հրապարակել է մի լուսանկար, որտեղ ջրի 5 լիտրանոց պլաստմասսե տարաներ են բենզինով լցված։ Դա, ըստ դատախազի, այն բենզինի քանակն է, որը հայտնաբերվել է Ազատի հրդեհվված զինանոցին կից՝ ավտոհավաքակայանում. «Դեպքի օրը՝ նախքան հրդեհը ավտոհավաքակայանում եղել են թվով տասը հատ 5 լիտրանոց տարաներ լցված ավտոբենզինով, որոնցից ինը դեպքից հետո դեպքի վաննի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են»:
Մինչ այս պահը հակահրդեհային պաշտպանության համար պատասխանատու երկու բարձրաստիճան զինվորականներ են կալանավորվել։ Մեղադրյալ է նաև կապիտան Եղիշե Հակոբյանը, որ ըստ պաշտոնական վարկածի, բենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել ու փորձել է թեժացնել վառարանի կրակը, ինչից էլ ծագել է հուժկու հրդեհը։ Կապիտանին մեղադրանք է առաջադրվել վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով: Բայց նրան դեռ չեն հարցաքննել, առողջական վիճակը թույլ չի տալիս՝ խոր այրվածքներից չի ապաքինվել, ասում է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանն ու հրապարակված բոլոր վարկածները կասկածի տակ դնում, քանի դեռ պաշտոնական վարկածով կրակի վրա բենզին լցրած կապիտանը չի խոսել։
«Եղիշե Հակոբյանն ունի դիրքորոշում, որ դեպքի հանգամանքները պետք է բացահայտնվեն գործ քննությամբ, և ինքը շահագրգիռ է դրանում, որի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել իրեն հայտնի բոլոր հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալ», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհի գործով կապիտանը ցուցմունք կտա հենց նրա առողջական վիճակը բարելավվի. փաստաբանԴատախազը հաստատում է՝ կապիտան Հակոբյանը դեպքից երեք շաբաթ առաջ զորացրվելու դիմում է ներկայացրել։ Դեռևս բաց է մնում հարցը՝ արդյո՞ք իրար հետ կապ ունեն 28-ամյա սպայի ծառայությունը թողնելու դիմումն ու մահացած զինվորների ծնողների պնդումները, թե գյուղական տանը տեղակայված այս զորանոցում անախորժ մթնոլորտ է եղել, անգամ ծեծկռտուք կապիտանի ու զինվորների միջև։ Երեկ դատախազն ասել էր՝ ստուգում են փաստերն ու հարցաքննում վկաներին։
Մահացած զինվորների հարազատները շարունակում են կասկածի տակ դնել պաշտոնական վարկածները։ Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, ինչպես նախկինում, հիմա էլ պնդում է՝ ավելի քան 10 տարի զինվորական կրթություն ու ծառայություն անցած սպան չէր կարող կրակի վրա պատահաբար 5 լիտր բենզին շուռ տալ։