Ամերիկացիները ոչնչացրել են երկրի օդային տարածքում հայտնված չինական օդապարիկը

Խոցված չինական օդապարիկը

Միացյալ Նահանգների օդուժը նախագահ Ջո Բայդենի հրամանով այսօր Հարավային Կարոլինայի մոտակայքում՝ Ատլանտյան օվկիանոսի օդային տարածքում խոցել և ոչնչացրել է չինական օդապարիկը: Ըստ Վաշինգտոնի, այն լրտեսության նպատակով է հայտնվել ԱՄՆ-ի տարածքում:

Օդապարիկը դեռ հունվարի 28-ն է հայտնաբերվել: Սպիտակ տունը հայտնել է, որ այն անմիջապես չի ոչնչացվել, քանի որ երկիր հասած բեկորները կարող էին վտանգավոր լինել մարդկանց համար:

Զինվորականները սպասել են, որ օդապարիկը քամու ազդեցությամբ տեղաշարժվի և հասնի մի այնպիսի տեղ, որ նրա ոչնչացումը վնաս չի հասցնի բնակիչներին:

Չինաստանը բողոք է հայտնել օդապարիկը խոցելու կապակցությամբ և պնդել է, թե այն միայն օդերևութաբանական հետազոտությունների նպատակով է օգտագործվել ու քամու ճնշման հետևանքով է մտել ԱՄՆ-ի օդային տարածք:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այդ օդապարիկի միջադեպի առնչությամբ անցած ուրբաթ օրը չեղարկել է Պեկին կատարելիք այցը: