Պեկինը բողոք է հայտնել Վաշինգտոնի դեմ չինական օդապարիկի խոցման համար

Արխիվ

Պեկինը բողոք է հայտնել Վաշինգտոնի դեմ Միացյալ Նահանգների տարածքում չինական օդապարիկի խոցման համար, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Արտգործնախարարությունը նշել է, որ չինական կողմը բազմիցս տեղեկացրել է ամերիկյանին, որ օդապարիկը քաղաքացիական օբյեկտ է և ԱՄՆ է մտել ֆորսմաժորային իրավիճակի պատճառով։

Սակայն «ամերիկյան կողմը պնդել է ուժի կիրառումը՝ ակնհայտորեն չափն անցնելով և լրջորեն խախտելով միջազգային պրակտիկան», հայտարարել է Պեկինը։

Ինչպես հաղորդվում է, ամերիկացի զինվորականները խոցել են չինական օդապարիկ, որը նախկինում հայտնաբերվել էր ԱՄՆ-ի տարածքում։ Մի քանի օրվա ընթացքում օդապարիկը թռավ Միացյալ Նահանգների ողջ տարածքով հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, ներառյալ Մոնտանա նահանգի վրայով, որտեղ տեղակայված են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սիլոսային կայանները:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ Պատրիկ Ռայդերն ասել էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը երկրի հյուսիսում հետևում է հետախուզական օդապարիկին։

Չինաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե «աերոստատը Չինաստանից է հասել Միացյալ Նահանգների օդային տարածք, այն ունի բացառապես քաղաքացիական բնույթ և օգտագործվում է օդերևութաբանական հետազոտությունների համար»: