Մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ
Ադրբեջանն ու Թուրքիան այս տարի տասից ավելի համատեղ զորավարժություններ են անցկացնելու, երեկ Կարսում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Զաքիր Հասանովի խոսքով՝ զորախաղերը տեղի կունենան երկու երկրների տարածքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Կարսում էր՝ հետևելու «Ձմեռային վարժանք-2023»-ին, որին Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից բացի, մասնակցում էին տասից ավելի երկրներ, այդ թվում՝ եվրոպական։ Դրանք երեկ ավարտվեցին։
Հասանովը Կարսում հաստատել է՝ Թուրքիան մեծ դեր է կատարում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման գործում: Մասնավորապես թուրքական ռազմարդյունաբերությանն անդրադառնալով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ այն մեծապես նպաստում է Ադրբեջանի բանակի հզորացմանը։ Անկարան անթաքույց աջակցում է Ադրբեջանի զինուժի ու զինտեխնիկայի կատարելագործմանն ու զարգացմանը: Թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժություններն անցած տարի դեկտեմբերին էին՝ Իրանի հետ սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարսում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներըԻսկ այս վերջին՝ բազմազգ զորավարժությանը Կարսում թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ հարձակողական վարժանքներ անցկացրին։
«Ամենակարևոր հատվածը թուրք-ադրբեջանական հարձակողական բնույթի զորավարժությունն էր: Սա մեզ հուշում է, որ փաստորեն Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինքը Ադրբեջանի կողքին կանգնած է ռազմական առումով», - «Ազատության» հետ զրույցում նկատեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժությունները ոչ միայն ռազմական, այլև քաղաքական շարժառիթ ունեն։ Թուրքագետը կարծում է, որ ի թիվս այլ նպատակների, Անկարան ու Բաքուն այդ զորավարժություններով մտադրություն ունեն Երևանի վրա Արցախի ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում ճնշումներն էլ ավելի մեծացնելու, հայկական կողմին զիջումների դրդելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները«Երկու խնդիրներ են, որ հրատապ են թուրքական և ադրբեջանական դիվանագիտության համար, և որոնք փորձում են այդ խնդիրները լուծել իրենց շահերից բխելով և հաշվի չառնելով Հայաստանի կարծիքը, Հայաստանի մոտեցումները, ուղղակի պարտադրել Հայաստանին, և այդ պարտադրանքի մեջ նաև մտնում է այս զորավարժությունների հանգամանքը», - նշեց նա:
Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ վերջին տարիներին պարբերական դարձած ցամաքային, ծովային ու օդային ուժերի համատեղ զորավարժությունները նաև տարածաշրջանում Անկարայի դերակատարությունը մեծացնելու համար են։ Հունվարի 18-ից Կարսում մեկնարկած «Ձմեռային վարժանք-2023»-ն էլ ևս մեկ անգամ հաստատեց՝ Թուրքիան նման զորավարժություններն օգտագործում է ոչ միայն սեփական ուժը, այլև ռազմական արդյունաբերությունը ի ցույց դնելու համար, ասում է Սաֆրաստյանը։
«Որովհետև հիմնականում օգտագործվում է թուրքական արտադրության զենք: Այսինքն՝ Թուրքիան աշխարհին ցույց է տալիս ոչ միայն, որ ինքն ուժեղ զինված ուժեր ունի, բայց նաև որ զարգացած ռազմական արդյունաբերություն», - շեշտեց թուրքագետը:
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի՝ նոր բախումների վերսկսման ռիսկը բարձր է
Մինչ Թուրքիայում ու Ադրբեջանում ծրագրում են հերթական համատեղ զորավարժությունները, հայաստանյան ու միջազգային փորձագետները շարունակում են զգուշացնել հայ-ադրբեջանական նոր բախումների մեծ հավանականության մասին, հատկապես սեպտեմբերյան հարձակումից հետո: Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի՝ նոր բախումների վերսկսման ռիսկը բարձր է, քանի որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցությունները տապալված են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արարատ Միրզոյանը պետք է մեկնի Մոսկվա. բանակցություններն ավելի շատ հայկական կողմին են պետք». քաղաքագետ«Այն բարձունքներից, որից նրանք այժմ վերահսկում են Հայաստանի տարածքը, ադրբեջանական ուժերը կարող են սրընթաց առաջանալ՝ ավելի շատ տարածքներ գրավելու համար, ինչը կկտրի հարավային Հայաստանը երկրի մնացած հատվածից և կստիպի Երևանին գնալ ավելի շատ զիջումների: Ոմանք մտահոգված են՝ եթե Բաքուն ավելի շատ նյարդայնանա բանակցությունների տեմպերից, ապա կարող է փորձել հենց այս մանևրը»,- եզրակացնում են Միջազգային խմբի փորձագետները։
Այս ամենի համատեքստում Բրյուսելում տեղակայված փորձագետները անդրադառնում են նաև Եվրամիության նոր՝ 2 տարի ժամկետով Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելությանը։ Ըստ նրանց՝ դա կօգնի նվազացնել հայ-ադրբեջանական նոր բախումների վտանգը։