Երկու ամիս առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Սեդա Սաֆարյանին աշխատանքի է տանում իր ամուսինը, բայց՝ ոչ անվճար։ Սեյրան Կյուրեղյանը նաև Սաֆարյանի վարորդն է, թե ինչո՞ւ հենց նա, դատավորը չի պարզաբանում։
Երկար տարիներ փաստաբան աշխատած Սաֆարյանը նաև չի մեկնաբանում տեղեկությունները, որ դատավոր ընտրվելուց հետո շարունակել է փաստաբանական գործունեությունը։
Անցած դեկտեմբերին պաշտոնը ստանձնած Սաֆարյանը «Ազատությանը» միայն փոխանցեց, թե ամուսնուն Բարձր դատարանում աշխատանքի ընդունելը ապօրինի չէ, նաև խորհուրդ տվեց դիմել դատարանի լրատվական ծառայությանը. - «Ուզում եմ մեկնաբանություններ լսեք մեր մամուլի խոսնակից»։
Սահմանադրական դատարանի լրատվականից «Ազատությանը» հայտնեցին, որ դատավորը դատարանի աշխատակազմում վարորդը տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայության աշխատակից է, և նրա ընտրության հարցում նաև էթիկայի առումով որոշիչ դերակատարում պետք է ունենա նաև պաշտոնատար անձը։ Չեն հստակեցրել, սակայն, արդյո՞ք հարցը քննարկման առարկա է դարձել բարձր դատական ատյանում։
«Թրանսփարենսի իներնեյշնլի» հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը ևս նշում է՝ վարորդի աշխատանքը տեխնիկական է և չի կարող ազդել դատարանի գործունեության վրա, բայց դատարանի աշխատակազմը պետք է բացատրություն տա, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Սեյրան Կյուրեղյանի վրա։
Փորձագետն ընդգծում է՝ այստեղ խնդիրը առաջին հերթին բարեվարքության մասով է. - «Վարքագծի կանոնների տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել Սահմանադրական դատարանի հեղինակության և նրա նկատմամբ վստահության առումով։ Արդյո՞ք դա խաթարում է, թե ոչ։ Ճիշտ լուծումը կլինի նա, որ այդ մասին հայտարարություն արվի, որ ասի՝ էսպես ա եղել, և դա ազդում ա կամ չի ազդում իրենց գործունեության վրա»։
Հարցը նույն տեսանկյունից է դիտարկում նաև փաստաբան, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը. - «Դա կդիտարկեմ ընդամենը բարոյականության տեսանկյունից։ Եթե դու կարողանում ես քո ընտանիքի անդամին քո ընտանիքի անդամին բերել-մտցնել պետության բյուջեի էն հատվածից, որտեղից որ ինքը պիտի սնվի, փող ստանա, էդ մարդուց կարելի էր երևի ամեն ինչ էլ սպասել։ Որովհետև հասկանում ես չէ՞, որ քո ընտանիքի անդամին բերել ես, գրանցել ես էնտեղ, որտեղ դու ես աշխատում»։
Օրերս հենց Բաբայանն էր պնդել, որ Սեդա Սաֆարյանը սեպտեմբերին խորհրդարանի կողմից դատավոր ընտրվելուց հետո շարունակել է փաստաբանական գործունեությունը։ Դատական գործերի «Դատալեքս» հարթակից տեղեկանում ենք, որ Սաֆարյանը գոնե անցած նոյեմբերին մի քաղաքացու շահերն է ներկայացրել դատարանում։
Թեև նա ֆորմալ առումով դեկտեմբերին է աշխատանքի անցել Սահմանադրական դատարանում, բայց փաստաբանը պնդում է, թե դրա իրավունքը չուներ. - «Այդ ներկայացչությունը իրականացվել է՝ չարաշահելով դատավորի իր կարգավիճակը, շատ լավ գիտակցելով, որ այն դատավորը, որի դահլիճում որ ինքը ներկայացնում է այդ անձին, գիտի ում հետ գործ ունի։ Բոլոր գործերը ի վերջո կարող են հասնել Սահմանադրական դատարան։ Ոչ միայն շահերի բախում, ես արդարադատության խաթարում եմ տեսնում»։
Սահմանադրական դատարանից նշում են, որ փաստաբանության հետ կապված հարցի մասին դատարանի աշխատակազմին Սաֆարյանը տեղեկացրել է հունվարի 10-ին, և որ նրա վարքագծի վերաբերյալ իրավական գնահատական կարող է տրվել բացառապես Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ եթե նման դիմում լինի։
Փաստաբանների պալատից էլ «Ազատությանը» փոխանցեցին՝ Սաֆարյանի փաստաբանի արտոնագիրը կասեցրել են դեկտեմբերին՝ իր իսկ դիմումից հետո։