Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան BBC հեռուստառադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում՝ ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաև Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու հարցին:
«Ուկրաինան որևէ վատ բան չի արել Իրանին: Որքան էլ շահավետ լինի Ուկրաինայի դեմ ռուս-իրանական համագործակցությունը, հավատացնում ենք, որ դրա բացասական հետևանքներն անգամներով շատ կլինեն: Իրանը կամիկաձե-անօդաչուներ է տալիս ռուսներին, Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը, մնացածը թող Իրանը որոշի»,- ասել է Կուլեբան:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է երկու պետությունների դիվանագիտական կապերի խզում, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ինքը համապատասխան որոշման նախագիծն արդեն փոխանցել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Կարգադրությունը կարող է ցանկացած պահին ստորագրվել, դա կախված կլինի Իրանի հետագա քայլերից»,- ասել է Դմիտրո Կուլեբան: