Այսօր լրանում է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների առաջադրման առաջին վերջնաժամկետը։ Թեկնածուներ, սակայն, առայժմ չկան։
Պաշտոնը թափուր է արդեն 10 օր։ Նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մեկ տարի աշխատելուց հետո անսպասելի հրաժարական տվեց այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է հրաժարականի դիմումըԱզգային ժողովի բոլոր երեք խմբակցությունները այս ընթացքում հնարավորություն ունեին իրենց թեկնածուներին ներկայացնելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով։
«Սա նշանակում է, եթե տասնօրյա ժամկետում չեն առաջադրում, ևս լրացուցիչ տասնօրյա ժամկետում հնարավորություն կտրվի առաջադրումների ժամկետ ունենալ», - նշում է հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում խմբակցությունները վերջապես կկողմնորոշվեն։ - «Որովհետև դա Հայաստանի ամենակարևոր ինստիտուցիոնալ կառույցներից է, Հայաստանի ժողովրդավարության հայելին, և այդ վերաբերմունքը ըստ էության նշանակում է վերաբերմունք հենց այդ անկախ մարմնի նկատմամբ»։
Նշելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, օմբուդսմենի հեռանալուց հետո եռամսյա ժամկետում նորը պետք է ընտրվի՝ Թովմասյանը շարունակում է. - «Հիմա երեք ամսվա ընթացքում մենք էս գործընթացը պիտի անընդհատ կրկնենք, մինչև հաջողվի ունենալ օմբուդսմեն»։
Թեև թեկնածու առաջադրելու հնարավորություն ունեն բոլոր խմբակցությունները, բայց միայն իշխող ուժի ձայներն են բավարար իր թեկնածուին ընտրելու համար։ Առնվազն 65 ձայն է պետք։ «Քաղաքացիական պայմանագիրը» 71 պատգամավոր ունի, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին՝ 35։
Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո մամուլում շրջանառվում էր աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախար Տաթևիկ Ստեփանյանի անունը։ Իշխող ՔՊ-ից, սակայն, այս ընթացքում պնդում էին՝ թեկնածու առայժմ չունեն։ Այսօր էլ Ազգային ժողովում խուսափում էին անդրադառնալ այս հարցին։
Քննարկո՞ւմ են արդյոք ընդդիմադիր խմբակցություններն այս հարցը։ «Հայաստան» դաշինքից չհստակեցրին, իսկ «Պատիմ ունեմ»-ից փոխանցեցին, որ քննարկումներ կան, հարցը փակված չէ։
«Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պարտավոր է ունենալ այլընտրանքային թեկնածու, և ամենևին կարևոր չէ այդ թեկնածուն կընտվի՞, թե՞ ոչ։ Իհարկե, այդ պայմաններում դժվար է թեկնածու գտնել՝ եթե ի սկզբանե գիտի, որ չի ընտրվելու։ Այսինքն՝ այդ մասով ընդդիմությունը իսկապես ունի դժվարություն։ Բայց մենք նաև պիտի հասկանանք, որ ցանկացած թեկնածուի առաջադրում և ցանկացած այլընտրանք, դա շատ կարևոր է»։