Ադրբեջանը և Թուրքիան այս տարի կանցկացնեն 10-ից ավելի համատեղ զորավարժություններ

Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը Կարսի շրջանում անցկացվող զորավարժություններին, արխիվ

«Ձմեռային վարժանք-2023» զորախաղերին հետևելու համար երեկվանից Կարսի շրջանում են գտնվում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն:

Հասանովը Կարսում ասել է, որ Թուրքիան մեծ դեր է կատարում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման գործում:

Նրա խոսքով, 2023 թվականի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի ստորաբաժանումներն ավելի քան 10-ը համատեղ զորախաղեր կանցկացնեն: Դրանք տեղի կունենան և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի տարածքներում:

Հասանովը գովեստով է խոսել Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի մասին, ասելով, որ այն մեծ դեր ունի Ադրբեջանի բանակի հզորացման գործում:

«Մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, աշխատում ենք համատեղ արտադրություններ ստեղծելու վրա: Մենք հիացած ենք Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նվաճումներով», - ասել է Հասանովը: