Կարսում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ, արխիվ

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Կարսում եռակողմ հանդիպում են անցկացրել։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, նրա ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցներ՝ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը, քննարկել են տարածաշրջանային զարգացմանը և պաշտպանական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Ուշադրություն է հատկացվել համատեղ զորավարժությունների կարևորությանը, ինչն է՛լ ավելի կմերձեցնի երեք երկրների զինվորականներին և կամրապնդի նրանց միջև հարաբերությունները», - ասվում է վրացական կողմի հաղորդագրությունում։

Թուրքիայի Կարս քաղաքում մեկնարկել են «Ձմեռային զորավարժություններ-2023»-ը, որոնց մասնակցում են 17 երկրների զինվորականներ՝ այդ թվում Ադրբեջանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից: